«Իշխանությունը Զինված ուժերում մահվան դեպքերը կանխելու հարցում  կենտրոնացած է պատասխանատվությունը այլոց վրա բարդելու ուղղությամբ, և ամբողջ ռեսուրսն ու պոտենցիալը կիրառում է դրա վրա, ավելի քիչ կենտրոնանալով իրական խնդիրների լուծման ուղղությամբ»։ NEWS.am-ի հետ զրույցում այդ մասին ասել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով բանակում վերջին 10 օրերի ընթացքում արձանագրված մահվան դեպքերին և ոչ մարտական պայմաններում կորուստների պատճառներին։

Խոսելով ողբերգական դեպքերի և իշխանության որդեգրած քաղաքականության մասին՝ Աբրահամյանը զուգահեռներ է անցկացրել նախկինում տեղի ունեցած իրադարձությունների հետ.

«Ես երեկ նաև մտովի հիշեցի 2019 թվականը, երբ որ Արցախի պաշտպանության բանակում մեկ ամսվա ընթացքում միանգամից տարբեր ողբերգական դեպքեր էր գրանցվել. այդ ժամանակ նույն այս իշխանությունն էր, խորհրդակցություն արեցին և որպես մեղավոր հռչակեցին այդ ժամանակվա պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանին, և փորձեցին կադրային այդ փոփոխությամբ խնդիրները լուծել։ Ինչո՞ւ եմ սա որպես հատկանշական համեմատություն նշում, որովհետև այս դեպքում, երբ իրար հաջորդող դեպքեր են տեղի ունենում ողբերգական ելքով, նույն այդ իշխանությունը հայտարարում է, որ այստեղ պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետը որևէ մեղավորություն չունեն, ես դեռ չեմ ասում այն մասին, որ կառավարության ղեկին կանգնած Նիկոլ Փաշինյանն է, և, բնականաբար, Նիկոլ Փաշինյանը նաև պատասխանատվություն կրում, այդ թվում պաշտպանության և անվտանգության ոլորտում իրականացվող քաղաքականության և դրա հետևանքների համար»։

Աբրահամյանը պատճառներ է մատնանշում, թե որոնք են զինված ուժերում առկա խորքային խնդիրները.

Բարեհոգեբանական մթնոլորտը և «յուրայինների» ու «օտարների» բաժանումը

«Առաջինը դա զինված ուժերում ստեղծված բարեհոգեբանական մթնոլորտն է, և իշխանության կողմից զինծառայողների պարբերաբար ճնշումները: Սրա որպես ենթամաս կարելի է համարել նաև զինված ուժերում զինծառայողներին և հատկապես հրամանատարական կազմին, «չուժոյներ» եւ «սվոյներ» անելու անընդունելի մոտեցումը, որի հետևանքը նաև մեծ թվով սպաների տարբեր փուլերում զինված ուժերից դուրս մնալը կամ զորացրվելն է»։

Սպայական կազմի փուլային «զտումները»

«Երկրորդ հանգամանքը դա զինված ուժերում ստեղծված պատկերն է. իշխանությունը 2018 թվականին հռչակեց բարեփոխումներ, որոնք չակերտավոր պետք է հասկանալ։ Դրանից հետո սկսվեցին  բանակում զտումները, անընդհատ զորացրելով կամ այնպիսի իրավիճակ ստեղծելով, որը ինքնին բերելու էր զորացրման։ Մեծ թվով հրամանատարներ բանակից պարզապես ազատվեցին և դրա հետևանքով զինված ուժերում սպաների, հրամանատարների թիվը էականորեն կրճատվեց։ Դա մի քանի փուլով իրականացվեց՝ 2018 թվականին, 44-օրյա պատերազմից հետո, 2023 թվականին և նաև այս վերջին նախընտրական փուլում։ Երբ հրամանատարների թիվը նվազում է զինված ուժերում, բնականաբար, այն գործառույթները, որոնք դրված են նրանց վրա՝ այդ թվում զորքերի կառավարման, կարգապահության պահպանման տեսանկյունից, բնականաբար, կադրային այդպիսի փուլային ջարդերի պայմաններում, խիստ խնդիրներ են առաջանալու։  Նրանցից շատերը որակական բարձր հատկանիշներ, փորձառություն, այդ թվում անձնակազմի հետ փորձառություն ունեցող մարդիկ էին և, բնականաբար, նրանց  հեռանալը չէր կարող զինված ուժերի վրա այդքան մեծ ազդեցություն չթողնել»։

Զինվորական ծառայությունը որպես սովորական աշխատանք դիտարկելը

«Երրորդ հանգամանքը, որը ոչ պակաս կարևոր է, դա իշխանության կողմից զինվորական ծառայությունը, որպես սովորական աշխատանք դիտարկելն է, որովհետև ըստ այդմ էլ մոտեցումը այն է, որ այդ մարդկանց գործատուն պետությունն է, այդ մարդիկ աշխատում են պետության համար... Զինված ուժերում ծառայությունը, որպես զուտ աշխատանքի վերածելը, բնականաբար,  պատասխանատվության և գաղափարական առումով մեծ ազդեցություն է թողնում զինված ուժերում զինծառայողների փոխհարաբերությունների վրա... երբ այն որպես հերոսություն էր դիտվում, իշխանությունը ասաց, որ այդպես չէ, որովհետև իրենց համար հերոսները պարզապես հարկ վճարողներն են»։

Անդրադառնալով Պաշտպանության նախարարության կողմից իրականացվող քայլերին և Ռազմական ոստիկանության պետի փոփոխությանը՝ Աբրահամյանը նշել է. «Այն ինչ որ արվում է դրանք իրավիճակային քայլեր են, շատ դեպքերում նաև ցուցադրական, հանրությանը ի ցույց դնելու իրենց չակերտավոր հետևողականությունը կամ ակտիվությունը այդ խնդիրների հետևից գնալու։  Հիմա այդ փոփոխությունից հետո ո՞վ նշանակվեց ռազմական ոստիկանության պետ, նշանակվեց Հայաստանի նախկին ոստիկանապետը, որը այդ ուղղությամբ որևէ փորձառություն չունի զինված ուժերում գործելու, ծառայելու, այսինքն ըստ էության իշխանությունը յուրայինին աշխատանքով տեղավորելու նպատակով այստեղ կատարեց կադրային փոփոխություն: Բանակը փորձադաշտ չէ»։

Անդրադառնալով վարչապետի հայտարարած «ռադիկալ քայլերին»՝ Աբրահամյանն ընդգծել է, որ ութ տարվա պաշտոնավարումից  հետո իրավիճակը մեխանիկական փոփոխություններով շտկելու մասին հայտարարություններն իրատեսական չեն, քանի որ անցած տարիների փորձը ցույց է տվել, որ նման խոստումներով բանակում իրական իրավիճակ չի փոխվել։