Վայոց ձորում գայլը հարձակվել է կնոջ վրա, հոշոտել ձեռքն ու դեմքը:  Տիկին Ռոզան ամեն օրվա նման առավոտյան գոմ է գնացել անասուններին կերակրելու, երբ գայլը հարձակվել է: 75-ամյա կինը կարողացել է ազատվել գայլից եւ բարձրանալ տան երկրորդ հարկ: Տիկին Ռոզային տեղափոխել են Երեւան, որտեղ նա մի քանի բարդ վիրահատությունների կենթարկվի: Բժիշկներն ասում են՝ ամենաշատը դեմքն է տուժել, կարելի է ասել, դեմքի մի մասը չկա:

Գալուստ Սահակյանը վերջապես աշխատանքի է վերադարձել: Լրագրողները նրան այսօր տեսել են Ազգային ժողովում: Խորհրդարանի 68-ամյա խոսնակը նրանց տպավորությամբ գունատ, մի փոքր էլ հյուծված է եղել: Գալուստ Սահակյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին:

«Բարգավաճ Հայաստանից» հեռացվելուց մեկ շաբաթ անց Գեւորգ Պետրոսյանը դեռ չի խաղաղվում: Այսօր նա կոշտ քննադատության է ենթարկել Նաիրա Զոհրաբյանին, հայտարարել, որ նա հեռու է քաղաքականությունից, եւ քանդում է կուսակցությունը, որը նույնիսկ գաղափարախոսություն չունի: Բարգավաճ Հայաստանում ներկուսակցական ինտրիգները շարունակվում են: Նաիրա Զոհրաբյանի հետ Աբրահամ Մանուկյանի հարաբերությունների լարվածությունն ավարտվել է նրանով, որ վերջինի լիազորություններն էապես կրճատվել են: Նա այլեւս չի համակարգում տարածքային կառույցների աշխատանքը: Ասում են՝ Աբրահամ Մանուկյանը փորձ է արել նույնիսկ ներքին խռովություն կազմակերպել Նաիրա Զոհրաբանի դեմ՝ ձգտելով նրան պաշտոնանկ անել:

Միխայիլ Սաակաշվիլին կրկին աչքի է ընկել իր էքսցենտրիկ պահվածքով: Համաժողովի ժամանակ Օդեսայի նահանգապետը բեմ է դուրս եկել՝ տաբատի փողքը գուլպայի մեջ խրած: Համաժողովի մասնակիցներից մեկը լուսանկարել է այս դիտարժան տեսարանը եւ տեղադրել սոցիալական ցանցում:

Էրդողանի պահվածքը դժգոհության ալիք է բարձրացրել Թուրքիայում: Մինչ ժողովուրդը սգում է երեք ահաբեկչական պաթյունների հետեւանքով մի քանի տասնյակ քաղաքացիների մահը, Թուրքիայի նախագահը ճոխ հանդիսությամբ նշանել է դստերը: Մարդիկ տարակուսած են, ամբողջ աշխարհը ցավակցում է իրենց, իսկ նախագահը՝ քեֆ անում:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընտանիքի հետ այցելել է Կուբա: Սա պատմական իրադարձություն է. Օբաման առաջին ԱՄՆ նախագահն է, որ վերջին 88 տարվա մեջ այդ երկիր է այցելել: Հետաքրքիր է, որ Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն օդանավակայանում չի դիմավորել ամերիկացի գործընկերոջը: Ժողովուրդը, սակայն, ոգեւորված  փողոց է դուրս եկել՝ ողջունելու Օբամային, որի նախաձեռնությամբ 50 տարի անց վերականգնվել են երկու երկրների դիվանագիտական հարաբերությունները:

Սուրիկ Խաչատրյանի որդին, պարզվում է, «Հայանտառ» էր ընդունվել ոչ թե աշխատելու, այլ սովորելու: «Հայանտառի» տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը, որի օգնականի հաստիքը երեք ամիս զբաղեցրեց Տիգրան Խաչատրյանը, այսօր լրագրողներին չկարողացավ բացատրել, թե հատկապես որ արժանիքների համար էր մարզպետի որդուն աշխատանքի ընդունել, եթե նա մասնագետ չէր:

Վերջին երկու տարում Հայաստանում ավելացել են ապօրինի անտառհատումները: Հայանտառ ՊՈԱԿ-ը մեղադրում է գյուղացիներին. Ռուսաստանից հարազատներն էլ գումար չեն ուղարում, նրանք էլ տաքանում են անտառների ծառերով: Բնապահպանները հակադարձում են՝  նման ծավալի ծառահատումները գյուղացիների ուժերից վեր են, դա միայն բիզնես նպատակով կարող է արվել, պատկան մարմինների թողտվութամբ: Բնապահպանների առարկությունները տնօրենին դուր չեկան:

Մահվան սարսափելի դեպք է գրանցվել Երեւանում: Կինը շնչահեղձ է եղել, նրան գտել են պոլիէթիլենային տոպրակը գլխին փաթաթված: Ըստ քննչական կոմիտեի՝ Լիկա Քերոբյանն ինքն է իր կյանքին նման ձեւով վերջ տվել: Հարեւանները NEWS.am-ին պատմել են, որ 38-ամյա կինն ամուսնացած չէր, բնակվում էր թոշակառու մոր հետ, ոչ ոքի հետ չէր շփվում, չէր աշխատում:

Իրենց տան լոգասենյակում հարազատ մորը սպանելու մեջ մեղադրվող Սամվել Դարբինյանը պնդում է, որ մեղավոր չէ, եւ որ երկու տարի առաջ ոստիկանների ճնշման տակ է ինքնախոստովանական ցուցմունք տվել: Հարազատները նույնպես չեն հավատում, որ 45-ամյա Սամվելը կարող էր նման քայլի դիմել: Մինչդեռ ըստ մեղադրանքի, Սամվելը մորը ծեծելով սպանել է, երբ նա նախատել է որդուն ալկոհոլը չարաշահելու համար: Ամբաստանյալի փաստաբանն այսօր դատարանից պահանջեց արդարացնել նրան, իսկ դատախազը պահանջեց դատապարտել 12 տարվա ազատազրկման:

Երեւանցիները նվերը Գյումրիին: Մայրաքաղաքում երկրորդ բացօթյա համերգն է կայացել, որի ընթացքում հավաքված գումարը կծախսվի Գյումրիի անօթեւաններին բնակարաններով ապահովելու համար: Կազմակերպիչները հույս ունեն, որ գոնե մեկ բնակարան կարողանան գնել հավաքված գումարով:

Մայրաքաղաքի կենտրոնում այս օրերին մեծ թվով իրանցիների կարելի է հանդիպել: Հարեւան երկրում նշում են իրանական ամանորը՝ Նովրուզը: Վերջին տարիներին ձեւավորված ավանդույթի համաձայն՝ շատերը նախընտրում են տոներն անցկացնել Հայաստանում:  Այս առիթով ամենից շատ ուրախացել են հայ տաքսիստները:

Աշխարհահռչակ անգլիական բրենդը սկսել է իսլամական լողազգեստներ արտադրել: Marks and Spencer ապրանքանիշի նորույթը կոչվում է բուրկինի: Այն մերկացնում է միայն կնոջ ոտնաթաթերը, դաստակներն ու դեմքը:

Հենրիխ Մխիթարյանը խփել է իր 10-րդ գոլը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում:  Նրա Նրա գոլը հավասարեցրել է հաշիվը՝ բեկելով Բորուսիա-Աուգսբուրգ հանդիպման ընթացքոը: Դրանից հետո Բորուսիայի ֆուտբոլիստները եւս երկու գոլ են խփել ու տարել կամային հաղթանակ:

Դոլարն այսօր կտրուկ էժանացել է՝ 2.21 դրամով: Էժանացել են նաև եվրոն ու ֆունտը , իսկ ռուբլին  աննշան թանկացել է :  Այսպիսով ՝ դոլարի փոխարժեքն  կազմել է 483 , եվրոյինը ՝ 544, ֆունտինը 697, իսկ ռուսական ռուբլունը՝ 7.09 դրամ:

Մարտի 22-ին Երեւանում  տեղումներ չեն լինի:  Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1-3, իսկ վաղը ցերեկը՝ +10+12 աստիճան տաքություն: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով: