Մարտի 5-ին մեկնարկեց խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Ընտրություններին մասնակցող 5 կուսակցություններից եւ 4 դաշինքներից որոշները քարոզարշավի մեկնարկը տվել են տոնական շքեղ հանդիսությամբ, որոշ ուժեր էլ նախընտրել են դահլիճային դասական տարբերակը:

ՀՀԿ-ն ամբողջ կազմով հավաքվել էր «Դինամո» մարզադահլիճում: Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի իր տեսլականը. դառնալու ենք տարածաշրջանի ամենաարդյունավետ, ամենաարագ զարգացող պետությունն ու ամենաապահով երկիրը: Իսկ ՀՀԿ-ն գիտի, թե ինչպես է դրան հասնելու:

Ի դեպ՝ Հանրապետականների հավաքը փակ է եղել լրատվամիջոցների համար: Քարոզարշավի մեկնարկի տեսանյութը հրապարակվել է կուսակցության կայքում: Դրանից էլ տեղեկանում ենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը, որի անունը, ի դեպ, կուսակցության համապետական ընտրացուցակում չկա, խոսել է իրենց հավակնոտ նպատակների, դրանց իրագործելիության, ներկան փոխելու կամքի եւ վճռականության մասին: Հանրապետական կուսակցության հորիզոնն անկախ, անվտանգ, արդար եւ ինտելեկտուալ Հայաստանն է։ Դրան հասնելու համար Կարեն Կարապետյանը կոչ է ուղղել քաղաքացիներին:

Եվ անակնկալ Հանրապետական կուսակցությունից. հավաքի ընթացքում ներկայացվել է կուսակցության քարոզչական տեսահոլովակը, որում շատերի կողմից սիրված «Ռեինկարնացիա» խումբն է՝ «Փոխենք աշխարհը» երգով: Հարվածային գործիքների կատարումն էլ վարչապետ Կարեն Կարապետյանինն է:

Մինչ այդ՝ բազմաթիվ քաղաքական գործիչներ «Եռաբլուր»-ում էին. մարտի 5-ին Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է:

Օգտվելով առիթից՝ լրագրողները Սեյրան Օհանյանին հարց են ուղղել վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարության մասին, որ ապրիլյան պատերազմի օրերին զինտեխնիկան որոշ դեպքերում չի աշխատել վառելիքի որակի պատճառով: Պաշտպանության նախկին նախարարը սա իր դեմ ուղղված հայտարարություն չի համարում:

Այսօր արդեն Սեյրան Օհանյանն «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մյուս առաջնորդների հետ սահմանամերձ Տավուշում էր: Բերդի բնակիչներին հետաքրքրել է, թե ինչո՞ւ այսքան ուշ որոշեց միանալ ժողովրդին:

Դաշնակցությունը քարոզարշավի մեկնարկը տվել եւ նախընտրական ծրագիրը ներկայացրել է դահլիճային հավաքով: Կուսակցության ներկայացուցիչները վստահեցրել են, որ քարոզարշավի ընթացքում ՀՅԴ-ն չի առաջնորդվելու պոպուլիզմով, ժողովրդի դժգոհությունն իրենց նպատակներին ծառայեցնելու ճանապարհով, այլ մտածելու է ժողովրդի շահերի մասին:

«Ազատ դեմոկրատների» քաղաքական կուրսն էլ դեպի Արեւմուտք է տանում: Կուսակցությունն առաջարկում է հրաժարվել ԵՏՄ-ին անդամակցությունից եւ հայացքն ուղղել դեպի Եվրամիություն եւ ԱՄՆ: ԵՏՄ-ին անդամակցությունը, Խաչատուր Քոքոբելյանի համոզմամբ, կարող է սպառնալ մեր ֆիզիկական անվտանգությանն ու նույնիսկ հանգեցնել պետականության կորստի:

«Ելք» դաշինքը նախընտրական քարոզչությունը Լոռու մարզում սկսել է իրազեկման ավտոարշավով, իսկ Երեւանում երկաթե շերեփներով երթ են անցկացրել: Դաշինքի ներկայացուցիչները քաղաքացիներին հորդորել են մասնակցել ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին եւ ընտրել այնպիսի քաղաքական ուժի, որը ելք կգտնի երկրում ստեղծված այս իրավիճակից: «Ելք»-ն իրավիճակից ելք տեսնում է, իսկ իր գլխավոր մրցակիցը համարում է ոչ թե քաղաքական ուժերին, այլ ժողովրդի հուսահատությունը:

«Կոնգրես-ՀԺԿ»-ն էլ ժողովրդին ճշմարտությունն ասելու ծրագիր է ներկայացնում: Դաշինքի ներկայացուցիչները հիմնականում խոսում են փոխզիջումների մասին՝ խաղաղության հասնելու համար: Դրանից էլ կբխեն Հայաստանի թռիչքային զարգացումը, սահմանների բացումը եւ մի երկրի կառուցումը, որտեղից մարդիկ չեն ցանկանա հեռանալ: Իսկ ինչո՞ւ դաշինքի համապետական ընտրացուցակը գլխավորող Լեւոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցում նախընտրական քարոզչությանը: Լեւոն Զուրաբյանն ասում է՝ առաջին նախագահն իր տրամաբանությունն ունի:

«30 քայլ, որոնք Հայաստանը կփոխեն». սա էլ «Հայկական վերածնունդ» կուսակցության կարգախոսն է՝ 30 կետ ներառող ծրագրով: Մհեր Շահգելդյանի բնորոշմամբ՝ իրենց ծրագիրը «լույս» է, եւ պատրաստվում են իրականացնել բոլոր խոստումները, ինչպես նախկինում են արել:

Նախընտրական քարոզարշավի մեկնարկին Տավուշում է եղել «Ծառուկյան» դաշինքը՝ առանց առաջնորդ Գագիկ Ծառուկյանի: Սահմանամերձ մարզի սահմանապահ բնակիչներին Նաիրա Զոհրաբյանը կոչ է արել ազատվել ստրուկի հոգեբանությունից:

Նախընտրական քարոզչությունը Տավուշից են սկսել նաեւ Հայաստանի կոմունիստները: Նրանք պայքարելու են «մայդանի վարակի» դեմ, ձգտելու են, որ ռազմավարական նշանակության օբյեկտները պետության սեփականությունը դառնան, նաեւ ամրապնդելու են Ռուսաստանի հետ հարաբերությունները, պայքարելու են նաեւ ժողովրդի բարոյական պատկերը պահպանելու համար:

«Հաց բերողը»՝ Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից եւ տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց: Սարգսյանի գիտակցությունը տեղն է, ճնշումը՝ կայուն, սակայն նրա առողջական վիճակի վերաբերյալ բժիշկները կարող են ինչ-որ բան ասել միայն հետազոտությունից հետո: 

Գլխավոր դատախազությունն այսօր վերացրել է Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը: Մինչ այդ, Ազգային ժողովում ստորագրահավաք էր սկսվել՝ Արթուր Սարգսյանի կալանքի որոշումը փոխելու վերաբերյալ: Նախաձեռնությանը 26 պատգամավոր է միացել: Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդության պատճառով: Այս տարվա փետրվարի 9-ին, սակայն, նա կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը հացադուլ էր հայտարարել եւ պահանջում էր փոխել իր խափանման միջոց կալանքը:

Երեւանի Հալաբյան փողոցում «ՎԱԶ 2106» ավտոմեքենայի մեջ Զովունի գյուղի 30-ամյա բնակիչ Օմար Ամարյանի դին են հայտնաբերել: Դատաբժիշկը տեղեկացրել է, որ նրա գլխի հետեւի մասում հարվածի հետք կա:

Ամարյանը տաքսու վարորդ էր: Ամուսնացած էր, երկու անչափահաս երեխա ունի: Քրեական գործ է հարուցվել: Քննչական կոմիտեն հաղորդել է, որ նախնական տվյալներով՝ Օմար Ամարյանը մահացել է հոսանքահարվելու հետեւանքով:

Արշակունյաց պողոտայում թիվ 8 երթուղային միկրոավտոբուսի մեջ 63-ամյա տղամարդ է հանկարծամահ եղել: Վարորդը պատմել է, որ նա կնոջ հետ երթուղային է նստել, ու քիչ անց նրա ինքնազգացողությունը վատացել է: Մինչեւ կանգնեցրել է մեքենան, փորձել են ջուր հասցնել, տղամարդը մահացել է: Բժիշկների նախնական եզրակացությամբ՝ 63-ամյա Ժորա Ասատրյանի մոտ սրտի կանգ է գրանցվել: Նա կնոջ հետ հիվանդանոցից էր վերադառնում. առողջական խնդիրներ ուներ:

Արցախում՝ Քարվաճառից դեպի հյուսիս-արեւելք, երկրաշարժ է գրանցվել: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Արցախի հյուսիային բնակավայրերում. Դադիվանք գյուղում՝ 3-4 բալ, Քարվաճառ քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ: Րոպեներ անց 2 մագնիտուդով հետցնցում է գրանցվել: Երկրաշարժի հետեւանքով մարդկային կորուստներ եւ լուրջ ավերածություններ չկան: Էպիկենտրոնին մոտ մի քանի գյուղում որոշ փոքր վնասներ են արձանագրվել. տների պատերին ճեղքեր են առաջացել կամ խորացել: Իրավիճակը, սակայն, հանգիստ է, բնակիչների շրջանում խուճապ չկա:

Մարտի 6-ին դոլարն էժանացել է, եվրոն եւ ռուբլին՝ թանկացել: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 486 դրամ, եվրոյինը՝ 516, ռուբլունը՝ 8 դրամ 39 լումա, ֆունտինը՝ 596 դրամ:

Մարտի 7-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես տեղումներ չեն սպասվում: Գիշերը մայրաքաղաքում կդիտվի 0+2, ցերեկը՝ +10+12 աստիճան տաքություն: