Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ է գումարել ու պաշտոնապես ամփոփել մայիսի 14-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները: Այսպիսով, ստացած 71.25% ձայնով ՀՀԿ-ն Երեւանի ավագանիում 46 մանդատ է ստացել, «Ելք» դաշինքը՝ 14, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 5 մանդատ: Հանրապետականի ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն էլ Երեւանի նոր քաղաքապետն է:

Իսկ «Երկիր Ծիրանի»-ն ԿԸՀ-ից պահանջել է անվավեր ճանաչել մայիսի 14-ի ընտրություններն ու կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ու նրա դստեր մասնակցությամբ միջադեպի առիթով քրեական գործ հարուցել: Հանձնաժողովում կուսակցության դիմում-բողոքի քննությանը, սակայն, «Երկիր Ծիրանի»-ի լիազոր-ներկայացուցիչը չի ներկայացել: Զարուհի Փոստանջյանը հայտարարել է՝ իրենց չեն ծանուցել նիստի մասին, ԿԸՀ նախագահն էլ հակադարձել է. բոլորին պատշաճ տեղեկացրել են: Դիմումը հանձնաժողովը մերժել է:

Իսկ Արտաշատը մի քանի օր է՝ քաղաքապետ չունի: Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանը «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր է ընտրվել ու մայիսի 16-ին հրաժարվել քաղաքապետի պաշտոնից: Հիմա քննարկվում է նոր քաղաքապետի թեկնածուի հարցը: Այսօր Արգամ Աբրահամյանը լրագրողներին ասել է, որ նախկին վարչապետ հայրն ընտրություններին մասնակցելու որոշում արդեն կայացրել է, բայց դեռ հայտնի չէ, թե ում են առաջադրելու որպես թեկնածու: Լուրեր են պտտվում, որ Աբրահամյանի թեկնածուն իր մորաքրոջ որդին է՝ փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը: Թեկնածուի հարցով որոշում չեն կայացրել նաեւ Հանրապետականում:

Կառավարության կազմում փոփոխություն է նախատեսվում. այսուհետ 18 նախարար ենք ունենալու: Ներկայում կառավարության կազմում 18 նախարարություն կա՝ համապատասխան թվով նախարարներով: Սակայն քաղաքական է համարվում նաեւ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը, ինչի արդյունքում էլ 19 նախարար ենք ունենում: Նոր Սահմանադրությամբ՝ այսուհետ այն հայեցողական պաշտոն կդառնա եւ կկոչվի «կառավարության աշխատակազմի ղեկավար»: Կառավարությունն այսօր հավանություն է տվել նաեւ մի քանի այլ օրինագծերի, որոնք պետք է Ազգային ժողով ներկայացվեն: Խորհրդարանի նախագահին առաջարկելու են մայիսի 30-ին արտահերթ նիստ գումարել:

Մինչ այդ, 6-րդ գումարման Ազգային ժողովում շարունակվում են տեխնիկական հարցերի շուրջ «առճակատումները»: Նախ բողոքի առիթ էր դարձել աշխատասենյակների բաշխման հարցը, հիմա էլ հերթը ծառայողական մեքենաների «գոլդ» համարանիշերինն է: Խորհրդարանի հնաբնակները նախ միմյանց միջեւ բաշխել էին «լավագույն աշխատասենյակները»՝ նորընտիրներին օդում կախված թողնելով, իսկ հիմա ջանում են պահպանել ծառայողական մեքենաների «գոլդ» համարանիշերը: Որոշ պատգամավորներ դրանք նույնիսկ անձնական մեքենաների վրա էին տեղադրել: Մեր տեղեկություններով՝ Ազգային Ժողովի ղեկավարությունը մտադիր է փոփոխել համարանիշերը՝ կանխելով սպասվող իրարանցումը: Այդ հարցով նույնիսկ ճանապարհային ոստիկանություն են դիմելու:

Մայիսի 19-ին Իրանում նախագահական ընտրություններ էին: Առաջին իսկ փուլում գործող նախագահ Հասան Ռոհանին 59% ձայն է ստացել ու վերընտրվել երկրի ղեկավարի պաշոնում: Իրանի 68-ամյա նախագահն ավելի ազատական բարեփոխումների կողմնակից է: Նա խոստացել է ավելի շատ քաղաքական ազատություններ, նաեւ մտադիր է բարելավել հարաբերություններն այլ պետությունների հետ: Նշենք, որ Իրանի նախագահն իր լիազորություններով զիջում է միայն երկրի գերագույն հոգեւոր առաջնորդին՝ այաթոլա Ալի Խամենեիին:

ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո Դոնալդ Թրամփն առաջին արտասահմանյան այցերն է կատարել: Առաջին երկիրը Սաուդյան Արաբիան է, ուր Թրամփը մեկնել է գրեթե ամբողջ ընտանիքով. նրան ուղեկցել են կինը, դուստրը եւ փեսան: Ի դեպ՝ ԱՄՆ առաջին տիկինը հետեւել է Օբամայի կնոջ՝ Միշել Օբամայի օրինակին եւ հրաժարվել Սաուդյան Արաբիայում գլխաշոր կրել, ինչպես մահմեդական այդ երկրի ավանդույթն է պահանջում: Ի տարբերություն Մելանյայի՝ նրա ամուսինն ավելի ավանդապաշտ է գտնվել: Իր պաշտոնական ընդունելության ժամանակ Թրամփը Սաուդյան Արաբիայի թագավորի հետ սրերով ավանդական արդա պարն է պարել:

Էր Ռիադում ԱՄՆ նախագահը մասնակցել է Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամ վեց միապետությունների ղեկավարների հանդիպմանը, ինչպես նաեւ արաբական ու մահմեդական երկրների առաջնորդների գագաթնաժողովին: Ելույթում Թրամփն արաբական պետություններին ահաբեկչության դեմ պայքարում միավորվելու կոչ է արել՝ չշրջանցելով նաեւ Իրանի թեման: Նա Թեհրանին մեղադրել է ահաբեկչությանը սատարելու եւ տարածաշրջանում անկայունությունը խորացնելու մեջ:

Իրանի թեման Դոնալդ Թրամփը չի շրջանցել նաեւ Իսրայելում: Թել Ավիվում ԱՄՆ նախագահը բարձր մակարդակի ընդունելության է արժանացել: Նրա անվտանգությունն ապահովելու համար իսրայելական կողմը նույնիսկ իրավապահ մարմինների 10.000 աշխատակիցների է ներգրավել:

Երուսաղեմում Դոնալդ Թրամփին Սուրբ Հարության տաճարում դիմավորել են տեր Սեւան արքեպիսկոպոս Ղարիբյանն ու Սամվել ծայրագույն վարդապետ Աղոյանը: ԱՄՆ նախագահն ունկնդրել է հայկական երգչախմբի կատարումը, այնուհետեւ գլուխ խոնարհել նրանց առջեւ ու հեռացել: Երուսաղեմի հին թաղամասում էլ Թրամփը մի քանի րոպե կանգնել է Լացի պատի մոտ: Իսրայելից հետո ԱՄՆ նախագահը կմեկնի Իտալիա, Վատիկան եւ Բելգիա:

Շառլ Ազնավուրն այսօր 93 տարեկան դարձավ: Չնայած պատկառելի տարիքին՝ շանսոնյեն շարունակում է համերգային շրջագայությունները: Վերջին մի քանի տարիներին նա պարբերաբար հայտարարում է հրաժեշտի համերգների մասին, բայց այդպես էլ չի կարողանում հրաժեշտ տալ բեմին:

Ամերիկյան արժույթը շարունակում է թուլանալ: Դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 541, ռուբլունը՝ 8 դրամ 54 լումա, ֆունտինը՝ 627 դրամ:

Մայիսի 23-ին օրվա երկրորդ կեսին եւ 24-ին հանրապետության շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում: Երեւանում նույնպես կարճատեւ տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +10+12, ցերեկը՝ +23+25 աստիճան տաքություն: