News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մուսուլմանական աշխարհին կոչ է արել միավորվել ահաբեկչության դեմ պայքարում՝ Էր Ռիյադում տարածաշրջանային գագաթնաժողովին մասնակցող մուսուլմանական երկրների տասնյակ առաջնորդներին ասելով, որ խոսքը «բարու եւ չարի պայքարի մասին է», փոխանցում է «Ամերիկայի ձայնը»: 

Գագաթնաժողովի մասնակիցներին դիմելով՝ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներից իր հետ հույսի եւ սիրո ուղերձ է բերել: Նա ընդգծել է, որ հենց դրանով է բացատրվում այն փաստը, որ իր՝ որպես նախագահի առաջին արտասահմանյան ուղեւորությունը նշանավորվել է Սաուդյան Արաբիա այցով:

Արյունահեղությունն ու ահաբեկչությունը զսպում են մերձավորարեւելյան տարածաշրջանի զարգացումը, արձանագրել է նախագահ Թրամփը: Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը ձգտում է երկրների կոալիցիա ստեղծել, «որոնք ընդհանուր նպատակ ունեն՝ ծայրահեղականության արմատախիլ անելը», ու այս պայքարն անվանել է «բարու եւ չարի մարտ»:

«Սա տարբեր հավատի, դավանանքների կամ տարբեր քաղաքակրթությունների պայքար չէ,- ընդգծել է Թրամփը:- Սա պայքար է վայրագ հանցագործների, որոնք ցանկանում են կործանել մարդկային կյանքը, եւ բոլոր կրոնների օրինավոր մարդկանց միջեւ, որոնք ցանկանում են այն պաշտպանել»:

«Սակայն,- արձանագրել է նախագահը,- դատելով նույնիսկ թվերով՝ ամենածանր կորուստները կրում են արաբական, մուսուլմանական եւ մերձավորարեւելյան երկրների ոչ մի մեղք չունեցող մարդիկ: Այս ֆանտաստիկ բռնության ալիքում նրանք են ստացել գլխավոր հարվածը՝ սպանությունը եւ ամենասարսափելի կործանումները»: «Մենք այս չարիքը կկարողանանք հաղթահարել, եթե միայն բարու ուժերը միասնական եւ հզոր լինեն, եթե այս դահլիճում յուրաքանչյուրը կատարի աշխատանքի իր մասը եւ իր վրա վերցնի բեռի մի մասը»,- ասել է նախագահը:

«Լավագույն ապագան հնարավոր է միայն այն դեպքում, երբ մեր ժողովուրդները կքշեն ահաբեկիչներին եւ ծայրահեղականներին: Կքշեն նրանց: Կքշեն նրանց ձեր աղոթքի տներից: Կքշեն նրանց ձեր համայնքներից: Կքշեն նրանց այս հողից»,- ընդգծել է նախագահ Թրամփը:

Թրամփը չի օգտագործել վիճահարույց «արմատական իսլամական ահաբեկչություն» արտահայտությունը, չնայած ԱՄՆ-ում ելույթ ունենալիս հաճախ է օգտագործել: Դրա փոխարեն, նա իսլամական առաջնորդներին կոչ է արել ազնվորեն արտահայտվել «իսլամական ծայրահեղականության եւ իսլամական ահաբեկչական խմբավորումների ճգնաժամի» վերաբերյալ, «որոնց այն ոգեւորում է»:

Թրամփը հատուկ ուշադրություն է դարձրել Իրանի խնդրին՝ Թեհրանին մեղադրելով, որ նպաստում է տարածաշրջանում անկայունության խորացմանը: «Լիբանանից մինչեւ Իրաք եւ Եմեն Իրանն ահաբեկիչներին, աշխարհազորայիններին եւ մյուս ծայրահեղականներին ֆինանսավորում է, զինում եւ ուսուցանում, որոնք ամբողջ տարածաշրջանում կործանում եւ քաոս են տարածում»,- ասել է Թրամփը:

«Ամերիկան ինքնիշխան երկիր է, եւ մեր գլխավոր առաջնահերթությունը մեր քաղաքացիների անվտանգությունն է: Մենք այստեղ ենք ոչ այն նպատակով, որ ուսուցանենք, ոչ այն նպատակով, որ ուրիշներին ասենք՝ ինչպես ապրեն, ինչ անեն կամ ինչին հավատան: Դրա փոխարեն մենք այստեղ ենք, որ գործընկերություն առաջարկենք՝ հիմնված մեր ընդհանուր շահերի եւ արժեքների, բոլորիս համար լավագույն ապագայի ձգտման վրա»,- ասել է Թրամփը:

«Ամեն անգամ, երբ ահաբեկիչը սպանում է անմեղ մարդուն եւ կեղծորեն Աստծուն է կանչում, դա պետք է յուրաքանչյուր հավատացյալի համար վիրավորանք լինի»,- նշված է ԱՄՆ նախագահի ելույթում:

«Ահաբեկչությունը տարածվել է ամբողջ աշխարհում: Բայց խաղաղության ճանապարհն այստեղ է սկսվում, այս հնագույն հողում, այս սուրբ երկրում,- ընդգծել է Թրամփը՝ նշելով, որ «Ամերիկան պատրաստ է ձեզ հետ ուս ուսի կանգնել»: «Եթե մենք միասնական լինենք, ապա չենք պարտվի»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ