Նոյեմբերյանում պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 30-ամյա Ադիբեկ Միկոյանը վիրավորվել է մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջական կողմից արձակված կրակոցից: Նրան զինհոսպիտալ են տեղափոխել, բժիշկները վիճակը կայուն են գնահատում:

Իսկ Սյունիքում զինվորների փոխադրող ավտոմեքենա է վթարի ենթարկվել: Սիսիան-Շաքի ավտոճանապարհին ԶԻԼ-ը բախվել է ՎԱԶ 2107-ին: Պատահարի հետեւանքով ՎԱԶ 21-ում գտնվողները՝ հայր եւ որդի, մահացել են: Մեքենայի մյուս ուղեւորը վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Զինվորները չեն տուժել: Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել:

ՀՀԿ-ն նախագահի իր թեկնածուի հարցում շարունակում է պահել ինտրիգը: Այսօր կայացած գործադիր մարմնի նիստում իշխող կուսակցությունը քննարկել եւ համաձայնության է եկել թեկնածուի հարցում: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, սակայն, չի նշել, թե ում մասին է խոսքը. վաղը հանրապետության չորրորդ նախագահի թեկնածուի անունը կհայտնի նախագահ Սերժ Սարգսյանը: Սակայն այս օրերին հիմնականում շրջանառվում է նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանի անունը: Ամեն դեպքում, նախագահի պաշտոնում Հանրապետականն ում էլ առաջադրի, թեկնածուն կստանա Ազգային ժողովի պատգամավորների անհրաժեշտ թվով ձայները: Նախագահականում հրավիրված խորհրդակցությունից հետո Գագիկ Ծառուկյանը չէր բացառել, որ իր ղեկավարած խմբակցությունը կարող է սատարել ՀՀԿ-ի թեկնածուին, նույնը կանի նաեւ Հանրապետականի կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունը:

Միակ դեմ քվեարկողը, փաստորեն, «Ելք»-ը կլինի: Արամ Սարգսյանը մեր թղթակցի հետ զրույցում նշել է, որ հանրապետության նախագահի թեկնածուին կողմ կքվեարկեն միայն այն դեպքում, եթե Հանրապետականն առաջադրի «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի թեկնածությունը: 

Լեհական Կրակովում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների՝ այս տարվա առաջին հանդիպումը: Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ կառույցի գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ: Մինչ այդ Հայաստանի արտգործնախարարը եռանախագահների եւ Անջեյ Կասպշիկի հետ նաեւ առանձին հանդիպում էր ունեցել:

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել: Պաշտոնյայի մամլո խոսնակը հաստատել է լուրը, սակայն հրաժարականի պատճառների մասին ոչինչ հայտնել չի կարողացել: Մանուկյանը, սակայն, դեռ շարունակում է աշխատել. այսօր առավոտյան նաեւ կառավարության նիստին է մասնակցել:

Իսկ արձակուրդից օրերս վերադարձած վարչապետը թարմ ուժերով գործի է լծվել: Գործադիրի այսօրվա նիստում հանձնարարել է մեկընդմիշտ լուծել գույքահարկի եւ հողի հարկի գծով կուտակված պարտքերի խնդիրը: Կարեն Կարապետյանը մտադիր է նոր կառույց ստեղծել՝ նախաորակավորման ինստիտուտ ճանապարհաշինության եւ հիմնանորոգման ոլորտում: Ֆինանսների նախարարությունը դեմ է. մտավախություն կա, որ կարող են բաց թողնել էժան տարբերակները: Բայց վարչապետն ուզում է հստակ իմանալ՝ ում հետ են գործ բռնում:

Կառավարությունն այսօր բացասական եզրակացություն է տվել գյուղատնտեսության պետական աջակցության մասին օրենսդրական նախաձեռնությանը: Հեղինակները «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն են, բայց ոչ հաշվարկ էին ներկայացրել, ոչ էլ մտածել բյուջեից լրացուցիչ ծախսերի մասին: Կարապետյանն առաջարկել է նման նախաձեռնությունների համար որոշակի հայտանիշներ սահմանել, թե չէ «պոպուլիստական առաջարկություններ էլի կարող են ստացվել»: Կառավարության որոշ անդամներ այսօր նորից զայրացրել են վարչապետին. որոշումներ են բերել նիստի, բայց՝ ոչ ամբողջական: Մեկ-երկու լրացուցիչ օր տրամադրելու խնդրանքը հունից հանել է Կարապետյանին:

Տրանսպորտի նախարարն այսօր վթարների մասին, մեղմ ասած, անհասկանալի վիճակագրություն է ներկայացրել: Դրա համաձայն՝ աջակողմյան ղեկով մեքենաների մասնակցությամբ վթարների թիվն ավելացել է, վիրավորներինը՝ նույնպես: Սակայն Վահան Մարտիրոսյանը չի նշել, թե որն է վիճակագրության աղբյուրը: Ամեն դեպքում, աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի հարցում կառավարությունը որոշակի զիջումների է գնացել: Կառավարության հավանությանն արժանացած օրինագծում նման մեքենաների ներկրման ժամանակավոր արգելք է սահմանված՝ ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը: Մինչ այդ էլ գործադիրը զիջել էր եւս մեկ հարցում. վերացվել էր արդեն ներկրված աջ ղեկով մեքենաների վերահաշվառման արգելքը:

Այսօր առավոտյան ձերբակալվել է Վահագն Աբգարյանը՝ քրեական հեղինակություն ալավերդցի Վահագնը: Նրան կասկածում են անցյալ տարվա հունիսին Ալավերդիում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունը կազմակերպելու մեջ: Այս քրեական գործով մեկ կալանավոր կա՝ Վլադիմիր Դավթյանը, որը մեղադրվում է հանցագործությունը կատարելու մեջ: Հիշեցնենք, որ 2017 թվականի հունիսի 13-ին Դավթյանն Ալավերդիում օրը ցերեկով սպանել էր իր համաքաղաքացի Կամո Փիրուզյանին: Այսօր ձերբակալել են նաեւ Աբգարյանի հանցավոր «թիմի» երկու անդամի:

Ալավերդիում նաեւ խուզարկել են Վահագն Աբգարյանին պատկանող «Գինետուն» հյուրանոցն ու նրա թիկնապահների բնակարանները: Իրավապահները սա բացատրում են  նախկին հանցագործությունների քննչական աշխատանքներով: Նշենք, որ Վահագն Աբգարյանը երկար ժամանակ հիվանդանոցում էր: Նա վիրավորվել էր Երեւանում՝ Թուֆենկյան հյուրանոցի մոտ սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած մահափորձից հետո: Միջադեպի հետեւանքով Աբգարյանը վիրավորվել էր, իսկ նրա ընկերը՝ Գարիկ Մոսինյանը, սպանվել: Այս գործով էլ Վահագն Աբգարյանը տուժող է ճանաչվել:

Թբիլիսիում նորից հայկական եկեղեցու պատկանելության շուրջ վեճ է սկսվել: Վիրահայոց թեմը դատարան է դիմել՝ պնդելով, որ Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցին կեղծ փաստաթղթի հիման վրա է անցյալ տարվա ապրիլին փոխանցվել վրաց պատրիարքարանին: Թեմը պահանջում է հայ համայնքին վերադարձնել եկեղեցին, քանի որ արխիվային նյութերի հիման վրա դրա հայկական պատկանելությունը ոչ մի կասկած չի հարուցում: Վիրահայոց թեմի լրատվական բաժնի պատասխանատու Սուսաննա Խաչատրյանը մեր թղթակցին ասել է, որ հանդիպումներ եւ բանակցություններ են ընթանում վրացական կողմի հետ, սակայն Վիրահայոց թեմը, ամեն դեպքում, որոշել է դատարան դիմել: Նշենք, որ Թանդոյանց Սբ. Աստվածածին եկեղեցին գտնվում է Թբիլիսիի Կուկիայի թաղամասում: Այն կառուցվել է 19-րդ դարում: Մինչ խորհրդային տարիները գործել է որպես Հայ առաքելական եկեղեցի, հետո վերածվել է կինոթատրոնի:

Արմեն Ջիգարխանյանը նորից հոսպիտալացվել է: Ռուսական աղբյուրների համաձայն՝ պատճառը սրտի, ճնշման հետ կապված խնդիրներն են: Դերասանի ընկերը, սակայն, հերքել է սրտի հետ կապված խնդրի առկայությունը: Արթուր Սողոմոնյանը նշել է, որ նախօրեին Ջիգարխանյանը գրեթե ամբողջ օրը թատրոնում է անցկացրել, իսկ երեկոյան դժգոհել է ընդհանուր թուլությունից ու կոկորդի ցավից: Ամեն դեպքում, շտապօգնության բժիշկները որոշել են ռիսկի չդիմել եւ հոսպիտալացրել են դերասանին: Նա բուժզննման կենթարկվի:

Հենրիխ Մխիթարյանի երազանքն իրականություն է դառնում. ֆուտբոլիստն առաջիկայում տեղափոխվելու է «Արսենալ»: Անգլիական ակումբն ու Հայաստանի հավաքականի ավագը համաձայնեցրել են անձնական պայմանագիրը. այն 4 տարով են կնքելու: Մխիթարյանն «Արսենալ»-ում շաբաթական 130 հազար ֆունտ կստանա՝ գումարած բոնուսները: «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, ի դեպ, նրա աշխատավարձը շաբաթական 150 հազար ֆունտ էր: Նշենք, որ «Մանչեսթեր»-ից հայ ֆուտբոլիստի տեղափոխությունը ներառված է Լոնդոնի ակումբի չիլիացի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի գործարքում: Սանչեսը Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հետ 4.5 տարվա պայմանագիր կկնքի: Ֆուտբոլիստը հարկերը վճարելուց հետո տարեկան 14 միլիոն ֆունտ կստանա:

Հունվարի 18-ին դոլարի արժեզրկմանը միացել է նաեւ եվրոն: Դոլարի փոխարժեքն արդյունքում կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 589, ռուբլունը՝ 8 դրամ 51 լումա, ֆունտինը՝ 668 դրամ:

Հունվարի 19-ին հանրապետության առանձին շրջաններում տեղումները կշարունակվեն: Օդի ջերմաստիճանը 5-7 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +2+4, ցերեկը՝ +9+11 աստիճան տաքություն: