«Ելք» դաշինքում քննարկումները շարունակվում են, եւ հույս կա, որ դաշինքում կլինի կոնսենսուս: Այս մասին այսօր` փետրվարի 28-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Մենք շատ կոնկրետ գործողություններով կանենք այն, ինչ պարտադիր է»,- ասաց նա:

Հիշենենք, որ քննարկումները վերաբերում են այն հարցին, թե ինչպես պայքարել, որ Սերժ Սարգսյանը չդառնա վարչապետ: Ըստ տեղեկությունների՝ այս հարցում «Ելք»-ում տարաձայնություններ կան: Հարցին, թե եթե դաշինքում համաձայնություն չկար, ինչո՞ւ ինքը որոշեց գնալ Ազատության հրապարակ, Փաշինյանն արձագանքեց. «Գրված էր, որ քննարկել եմ ընտանիքիս հետ, նրանք պատրաստ են ինձ նորից գործուղել Ազատության հրապարակ: Դա չի նշանակում, որ իրենք ինձ տանից դուրս են արել, ասել են՝ գնա Ազատության հրապարակ»:

Անդրադառնալով «Ելք»-ում առկա տարաձայնությունների մասին մամուլի հրապարակումներին, Փաշինյանը նշեց, որ «Ելք» դաշինքում միշտ կան տարաձայնություններ, եղել են ու կլինեն հակասություններ, բայց իրենք կարողացել են հարցերը քննարկել ու արդյունքում գալ համաձայնության:

Փաշինյանը հավելեց, որ իր անձնական կարծիքը հետեւյալն է՝ Ազատության հրապարակ գնալու կարիքը կա: