ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մի շարք երկրների շենգենյան վիզայի դիմումները ռուս-թուրքական «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից ընդունելու խնդիրը քննարկում են «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը եւ «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» Հկ նախագահ Միլենա Մանվելյանը:

Քննարկվող թեման է ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները Թուրքիա փոխանցելու մտավախությունն ու վտանգները, ինչպեռս նաեւ խնդրի շուրջ ՀՀ արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունը:

Նշենք, որ Հայաստանի արդարադատության նախարարությունն ուղեփակել է «ՎիզաՄետրիկ»-ի կողմից ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների մշակումը։

ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը սկսել էր ստուգման գործընթաց, պարզելու, թե որքանով է «ՎիզաՄետրիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից անձնական տվյալների մշակումը համապատասխանում ՀՀ օրենսդրությանը:

2018 թվականի մարտի 30-ին «ՎիզաՄետրիկ» ընկերությունը Գործակալությանը ներկայացրել է հատուկ կատեգորիայի կամ կենսաչափական անձնական տվյալներ մշակելու վերաբերյալ ծանուցում, որի ուսումնասիրության արդյունքում Գործակալությունը գրությամբ դիմել է «ՎիզաՄետրիկ» ընկերությանը:

Գրությամբ Գործակալությունը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով սահմանված իր լիազորության շրջանակում պահանջել է ծանուցման ուսումնասիրության արդյունքում անձնական տվյալների մշակման ստուգման համար անհրաժեշտ տեղեկություններ:

Գործակալությունը պահանջել է նաեւ ուղեփակել «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից անձնական տվյալների մշակումը, այն է՝ կասեցնել անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ համակարգելու կամ փոխանցելու կամ օգտագործելու իր հնարավորությունը՝ մինչեւ Գործակալության ստուգման գործողությունների ավարտը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2018թ. ապրիլի 3-ից Երեւանում Շենգենյան վիզայի համար ներկայացված դիմումները (Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի եւ Շվեդիայի համար) կընդունվեն ոչ թե Գերմանիայի դեսպանության, այլ առանձին սպասարկող ընկերության՝ «ՎիզաՄետրիկի» կողմից, որը թուրքական կազմակերպություն է:

Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլեր նշել էր, որ «ՎիզաՄետրիկ» ընկերությունը միայն զբաղվելու է վիզաների դիմումների ընդունմամբ, իսկ դիմումների վերաբերյալ որոշումներն այսուհետ կայացվելու են այդ նպատակով Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից Գերմանիայի դեսպանություն գործուղված աշխատակիցների կողմից։