Խլացուցիչ չի հայտնաբերվել. ինչո՞ւ հարեւանները չեն լսել Գեորգի Կուտոյանի կրակոցների ձայները։ Մահվան հանգամանքների բացահայտման գործում ամենաշատը պետք է շահագրգիռ լինեն Կուտոյանի ընտանիքի անդամները. վարչապետի պարզաբանումները։ Ով՝ ում հետ է թաքուն սուրճ խմել կամ սուշի կերել. Էդմոն Մարուքյան-Ռուբեն Ռուբինյան հեռակա բանավեճը տեղափոխվել է խորհրդարան։ «Իմ քայլը» վախեցավ ուսումնասիրել Երեւանի քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերը». ԼՀԿ խմբակցության մեղադրանքներն ու ԱԺ նախագահի նկատողությունները։ «Գնալու եմ իմ բաժին առաքելության հետեւից». ի՞նչ է ակնարկում Արթուր Վանեցյանը՝ թվիթերյան գրառմամբ։ Սպանդանոցներ-անասնապահներ թնջուկի հանգուցալուծման կառավարության կոմպրոմիսը եւ նոր սպանդանոցների կառուցման ճանապարհային քարտեզը։ Կառավարության պահանջը կգործի հուլիսի 1-ից։ Նախազգուշացո՞ւմ, թե՞ մահափորձ. դատավորի պատուհանին կրակոցի դեպքով ոստիկանությունը քննություն է սկսել։ «Չկա մարդ՝ չկա խնդիր». փաստաբանի տպավորությամբ՝ դատարանը չի ցանկանում ողջ տեսնել Մանվել Գրիգորյանին։ Ամանորյա տոնական ծախսե՞ր, թե՞ շահավետ ներդրումներ. Վարչապետի հերթական ֆեյսբուքյան ուղիղ եթերը։
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ատրճանակի՝ Glock 34-ի վրա դեպքի օրը՝ հունվարի 17-ին, խլացուցիչ չի հայտնաբերվել, NEWS.am-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին Կուտոյանն իր ատրճանակից 35 անկանոն կրակոց էր արձակել բնակարանի պատին, որոնց ձայնը հարեւանները չէին լսել։
Դեպքի հանգամանքները ամբողջությամբ պարզելու գործում պետք է ամենաշատը շահագրգիռ լինեն Կուտոյանի ընտանիքի անդամները եւ նրանք պետք է լիարժեք համագործակցեն նախաքննության մարմնի հետ, որպեսզի ճշմարտությունն ամբողջությամբ բացահայտվի, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը երաշխավորել է, որ կառավարությունն իր բոլոր լծակներից կօգտվի գործը մինչեւ վերջին դետալը բացահայտելու համար:
Հայաստանի Ազգային ժողովի նիստերն, ինչպես դրանք լուսաբանող լրագրողներն են նկատել, արդեն ավանդույթի համաձայն, ընթանում են պատգամավորների զանգվածային բացակայության պայմաններում։ Առավոտյան նիստերի դահլիճում 132 խորհրդարանականից ներկա էր 2 տասնյակը։
Եթե Լուսավոր Հայաստանը իշխող մեծամասնությանը համեմատել է նախորդ իշխանության հետ, ապա վերջինին ամենավատ ձեւակերպումներն այսօրվա իշխանությունն է տալիս, լրագրողներին ասել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով «Իմ քայլի» արձանագրումներին, թե ԼՀԿ-ականները կարոտել են ՀՀԿ-ին, եւ գուցե սուրճ խմելու գնան ՀՀԿ-ականների հետ ու կարոտն առնեն:
«Իմ քայլից» Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է ԼՀԿ ղեկավարի հայտարարությանն ու ընդգծել, որ Էդմոն Մարուքյանն ուշադրության պակաս ունի եւ փորձում է իր պնդումների բովանդակազրկությունը լրացնել սկանդալներով։ Ռուբինյանը պնդել է, որ քննիչ հանձնաժողով ստեղծելու «Լուսավոր Հայաստանի» առաջարկը խորհրդարանի լիազորությունների շրջանակում չէ։ Եվ իրավական եւ տրամաբանական տեսանկյունից այդ քննիչ հանձնաժողովն, ըստ իշխող խմբակցության ներկայացուցչի, խնդիր կստեղծեր համապատասխան մարմինների՝ միմյանց լիազորությունների մեջ մտնելու հարցում։
Իշխանությունների կողմից առկա է այլընտրանքային կարծիք ու խոսք լսելու անհանդուրժողականություն, նաեւ այս մասին էր իր ճեպազրույցում նշել Մարուքյանը: «Մենք ասում ենք՝ «Բանկային գաղտնիքի» ինստիտուտը սասանում եք, մեզ ասում են՝ դուք պետական շահին վնասում եք: Այսինքն այս շենքում կան մարդիկ, որոնք կարծում են, որ պետական շահը միայն իրենք գիտեն», ասել է ԼՀԿ նախագահը:
Ռուբինյանի եւ Մարուքյանի հեռակա վեճը տեղափոխվեց դահլիճ, երբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը հայտարարեց, թե «Իմ քայլը» վախեցավ ուսումնասիրել Երեւանի քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերը եւ տապալեց այդ հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու հնարավորությունը:
Դուք որերորդ անգամ կարծիքների տարբերությունը հասցնում եք պլինտուսի ցածր մակարդակին, դիմելով «Իմ քայլին»՝ հայտարարեց Մարուքյանի կուսակից Մանե Թանդիլյանը։
Թույլ տվեք, որ ստեղծվի քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով, որովհետեւ, ի վերջո, դուք վատ վիճակի մեջ եք դնում Երեւանի ձեր քաղաքապետին, կոչ արեց ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը: Ի վերջո, քվերակությամբ ԼՀԿ-ի առաջարկը մերժվեց, քանի որ «Իմ քայլը» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությունը. Արձանագրվեցին 39 կողմ, 2 դեմ ձայներ:
Երեւանի ավագանին է որոշում, թե խորհրդարանն ինչ անի: Սրանից այն կողմ էլ ի՞նչ խայտառակություն պետք է լիներ, հայտարարեց Էդմոն Մարուքյանը:
Իմ բաժին առաքելության հետեւից գնալու եմ, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Հայաստանը ոչ միայն բոլորիս, այլեւ մեզանից առաջ ապրած ու մեզանից հետո ծնվելիք սերունդների ինքնությունն ու արժանապատվությունն է: Մեր ժողովուրդն ապրելու է բարեկեցիկ, պատվով ու մեծ երազանքով: Հաջողության չհասնելու տարբերակ չկա»,- նշել է Վանեցյանը:
Մսավաճառներն ու անասնապահներն այսօր էլ բողոքի ցույց են կազմակերպել Գեղարքունիքում։ Նրանք փակել են Վարդենիս-Երեւան միջպետական ճանապարհը, հայտարարելով, որ կտրականապես դեմ են սպանդանոցներին։ «Եթե Կառավարությունը հետ չկանգնի իր այդ որոշումից, կրկին ճանապարհը կփակենք», ասել են անասնապահները։
Միանշանակ պետք է անցնենք սպանդանոցային համակարգին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին ասել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն ասել է, որ խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում որոշվել է մինչեւ հուլիսի 1-ը հետաձգել պարտադիր սպանդանոցային մորթի պահանջը, մինչեւ այդ ապահովել բավարար քանակի սպանդանոցների կառուցումը եւ գործարկումը։ Պահանջը կգործի միայն Երեւանի սուպերմարկետների եւ հանրային սննդի ցանցի համար։
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով էլ անդրադարձել է ամանորյա միջոցառումների համար ծախսված գումարին: Վարչապետի խոսքով, Ամանորի համար 271 միլիոն դրամ ծախսելով՝ Հայաստան են բերել հավելյալ 9 միլիարդ 307 միլիոն դրամ՝ դրամաշրջանառության տեսքով:
Տպավորություն է ստեղծվում, թե դատարանը չի ցանկանում ողջ տեսնել Մանվել Գրիգորյանին, «չկա մարդ՝ չկա խնդիր» սկզբունքով, լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը։ Գեներալը տառապում է ավելի քան 30 հիվանդություններով, չի կարող ինքնուրույն տեղաշարժվել եւ միացված է արհեստական շնչառության սարքին։ Նա, ըստ փաստաբանի, ոչ միայն ինտենսիվ բուժում չի ստանում, այլեւ նրա մոտ հետընթաց է նկատվում։
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակելու դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի հրազեն պահելու կամ կրելու հոդվածով։ Դատավորի աշխատասենյակի պատուհանին կրակոց արձակվել էր հունվարի 21-ին։
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ քրեական գործը հարուցելիս դատավոր Դավիթ Գրիգորյանի գործառութային անձեռնմխելիությունը չի հաղթահարվել, հայտարարել է Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը: Դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչի որոշումը, սակայն Վճռաբեկ դատարանն այն վարույթ չի ընդունել, եւ ըստ պաշտպանի, քրեական գործը ենթակա է կարճման:
Քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Հիշեցնենք, որ Ֆարխոյանին 2018 թվականի հոկտեմբերին հանրապետության նախագահը պարգեւատրել էր «Մխիթար Գոշի» մեդալով։
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.43 դրամով եւ կազմել 478.90 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.58 դրամով ու կազմել 531.24 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.35 դրամով ու հասել 625.59 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով ու կազմել 7.73 դրամ։
Հունվարի 23-ին Հայաստանի առանձին վայրերում երեկոյան ժամերին սպասվում է ձյուն: Երեւանում ձյունը կտեղա երեկոյան: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -5-7, վաղը ցերեկը՝ +2+4:











