Քանի որ 1990-ականների սկզբին փախստականների մեծ հոսք էր առաջացել, մյուս կողմից այն ժամանակվա փախստականների նկատմամբ վերաբերմունքը մեզ չէր բավարարում, մենք ԱԻՄ-ով որոշեցինք մարդասիրական գործունեություն նախաձեռնել, սկսեցինք Քաշաթաղի ազատագրված տարածքներում բնակավայրեր ստեղծել՝ դրանք կոչելով Աիմավաններ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյանը:

«Հիմնականում բնակավայրեր ստեղծում էինք հայկական ծագում ունեցող վայրերում: Այդ բնակավայրերը բարվոք վիճակում չէին, որովհետեւ այն ժամանակ շատ տարածված էր այրել, որ թուրքի աչքը վախենա: Մեկ էլ տեսնում էիր՝ դատարկ գյուղերը վառվում են:

Ինչեւէ, մենք սկսեցինք փախստականների համար բնակավայրեր կառուցել: ԱԻՄ-ն այն ժամանակ բավական հզոր կառույց էր, եւ մենք առաջին քայլը մեր կամավորներով պետք է անեինք: 627 հոգի, որից մոտ 500-ը աիմականներ էին, մասնակցեցին այդ գործին: Նրանք, որոնք այդ գործին մասնակցում էին, միաժամանակ դառնում էին աշխարհազորային:

Մենք գնում էինք ամայացած տարածքներ, որտեղ նույնիսկ լվացարաններ չկային, իսկ մեզ հետ շատ աղջիկներ ու կանայք էլ կային: Պետք էր այդ բոլորը տեղում ստեղծել: Մենք սնունդ էինք տալիս բնակիչներին, հետո նրանց տրվում էին կովեր՝ պայմանով, որ կովերից ծնված հորթերը իրենք պետք է հանձնեն նոր եկողներին: Այն ժամանակ դա անում էինք զուտ ԱԻՄ-ի մակարդակով, հետո դա նկատեցին իշխանությունները եւ  անձամբ Լեւոն Տեր-Պետրոսյանն ինձ առաջարկեց դառնալ տարածաշրջանի պարետ»,-ասաց Հայրիկյանը:

Նա նաեւ նշեց, որ 1992-ին իրենք պարզել են, որ այդ ազատագրված տարածքներում հակառակորդի ջոկատներ կային, որոնք որոշակի դեպքերում նահանջող կամ Հայաստան տեղափոխվող մարդկանց էին վնասել. «Ես Լեւոն Տեր-Պետրոսյանին ներկայացրի մեր հետախույզներից ստացած տվյալները, որ տարածքում կան հակառակորդի ջոկատներ, մենք անվտանգ գոտում չենք: Տեր-Պետրոսյանն ասաց, որ Վազգեն Սարգսյանը վստահեցրել է, որ այդտեղ ոչ մի հակառակորդ չկա: Առաջին ծանր հարվածը մենք ստացանք 1992-ի հուլիսի 29-ին, մենք կորցրեցինք 24 հոգու, որից մեկը գերի էր ընկել, հետո վերադարձվեց: Սպանվածներից երկուսը աղջիկներ էին:

Լեւոն Տեր-Պետրոսյանը, երբ իմացավ, որ այդպիսի բան է տեղի ունեցել, ինքը պետք է կանչեր Վազգեն Սարգսյանին ու ասեր՝ դու ասում էիր, որ տարածքը պաշտպանված է, ուրեմն՝ դու քո տեղում չես: Ինքը դա չարեց: Ավելին, Վազգեն Սարգսյանը ելույթ ունեցավ եւ ասաց, որ Պարույր Հայրիկյանն իր մարդկանց տարել է մի տեղ, որտեղ չպետք է տաներ: Շատերը կարծում էին՝ մենք դառնացած կհեռանանք, սակայն մենք շարունակեցինք մեր գործը, հիմա էլ, այն վերջին գյուղը, որ հիմա Աղավնո են կոչում, մեր Աիմավան-1-ն է, իսկ պատմականորեն՝ Սաբուխը, այսինքն այստեղից բխում է ջուրը:

Ընդհանուր առմամբ՝ մենք 43 զոհ ենք ունեցել, այսինքն՝ Սյունիքի աշխարհազորի յուրաքանչյուր 10-րդը զոհվեց, թեեւ մենք չէինք գնացել կռվելու: Մենք այս ամենի մասին գրքեր էլ ունենք գրված»,-ընդգծեց ԱԻՄ ղեկավարը: