Պաշտպանության նախարարության շենքի առջև այսօր՝ հուլիսի 29-ին, բողոքի ակցիա էին իրականացնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները: Նրանք պահանջում են հանդիպել Պավել Քյարամյանի հետ, ով 5-րդ պաշտպանական շրջանի 4-րդ գնդի հրամանատարն է եղել:

«Մենք ցանկանում ենք հանդիպել հրամանատար Պավլիկ Քյարամյանի հետ, թող ինքը մեզ ասի՝ ինչ պայմաններում են զոհվել մեր երեխաները»,- այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին բողոքի ակցիա իրականացնող՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը:

Նրա խոսքով ՝ եթե Պավլիկ Քյարամյանը մեղավոր չէ, թող անուններ տա, թե՞ ով է մեղավոր. «Եթե անուններ չտա, ուրեմն կա՛մ ինքը չի զեկուցել իրավիճակի մասին, կա՛մ ինքն է հրամայել, որ տղաները մնան դիրքում: Ես պատերազմից հետո հանդիպել եմ Քյարամյանի հետ, բայց ինքը իմ հարցերին չի պատասխանել: Ես առաջարկում եմ Պավլիկ Քյարամյանին նշանակել պաշտպանության նախարար որպես զորամիավորման լավ հրամանատար թող գումարտակի հրամանատարից միանգամից բերեն դնեն ՊՆ նախարար»,- ասաց նա:

«Մեր տղաները զինակոչվել են 2019 թվականին, ծառայել են 5-րդ պաշտպանական շրջանում։ Պատերազմի ժամանակ 27 օր տղաները կռվել են Մարտակերտ-Մատաղիս հատվածում, հոկտեմբերի 23-ին գումարտակը տեղափոխվում է Մարտունի 2։ Մեկ գիշեր մնալով Գիշի գյուղում նրանց բարձրացնում են  Մարտունի 2-ի դիրքեր։ Հիմա հարց ենք բարձրացնում, թե ում հրամանով է գումարտակը տեղափոխվել Մարտունի, քանի որ դա նրանց համար անծանոթ տարածք էր, նույնիսկ այդ մասին ասել է գումարտակի հրամանատարը, թե իր համար ևս  տարածքն անծանոթ էր։ Մեր տղաները մարտնչել են բաց երկնքի տակ, չի եղել որևէ խրամատ, պաշտպանական որևէ կառույց։ Այդպես նրանք պաշտպանվել են մինչև հոկտեմբերի 30-ը։

Հոկտեմբերի 27-ին զոհվել է վաշտի հրամանատար Սուրեն Վահանյանը, լավագույն հրամանատարներից մեկը, որից հետո մեր տղաները մնում են առանց հրամանատարի։

Տղաները կռվում են մինչև վերջ, վերջին զինվորը զոհվել է հոկտեմբերի 30-ին։ Երբ թուրքերը տեսնում են, որ չեն կարողանում դիրքը գրավել, հետ են նահանջում և սկսում է արտիլերիան աշխատել, վերջում էլ ռումբ են գցել։ Տղաներն անճանաչելի էին, ես նույնիսկ չեմ ուզել տեսնել, թե արկղի մեջ ինչ են դրել, ես ուզել եմ իմ տղայի դեմքը հիշել այնպես, ինչպես իր կենդանության օրոք։ Մարդիկ կորցրել են իրենց ամենաթանկը և այսօր երեք ժամ պաշտպանության նախարարության դիմաց կանգնած որևէ բարձրաստիճան պաշտոնյա չէր ուզում մեզ ընդունել»,- ասաց Վահիդ Սահակյանը։

Նա նշեց, որ միայն երեք ժամ հետո հանդիպել են մեկ գնդապետի հետ, որը խոստացել է 2-3 օր հետո իրենց հարցերին կպատասխանել, հանդիպում կազմակերպել հրամանատարի հետ, սակայն վստահ չէ, թե որքանքով դա ճիշտ կլինի։

Վահե Սահակյանի խոսքով՝ եթե ՊՆ-ն խոստումը չկատարեց, ապա ծնողները կորոշեն իրենց հետագա անելիքները։ «Այն, որ մենք պետք է քայլեր ձեռնարկենք, դա միանշանակ է։ Մենք չենք կարողանում քնել, ուտել, խոսել, երեխաների նկարներին ամեն անգամ նայելով ասում ենք, որ որևէ ծնող, այդ թվում՝ ես, չկարողացավ իր որդուն օգնություն ցույց տալ։ Մեկ-մեկ ինձ մեղադրում եմ, ասում եմ՝ կարող է մենք ենք սխալ դաստիարակել մեր երեխաներին, որ հայրենիքի համար զոհեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը, բայց հետո ասում եմ, որ այդպես չէ, մենք ճիշտ ենք դաստիարակել, պարզապես պետությունը չգնահատեց նրանց։ Սա է ցավալին»,- նշեց Վահիդ Սահակյանը։

Նա նաև ասաց, որ մինչև օրս չգիտեն, թե ինչ համգամանքներում են զոհվել իրենց տղաները, հիմա դա են ուզում պարզել. «Քրեական գործ կա հարուցված, բայց չկա դատապարտված որևէ անձ։ Ասում են՝ դավաճանության դեպքեր են հայտնաբերել, բայց քանի՞ դավաճանի են գնդակահարել։ Այս հարցերի պատասխանները մենք պետք է ստանանք։ Մենք պետք է հանդիպենք հրամանատարի հետ, եթե ինքը մեղավոր չէ, ապա թող անուններ տա՝ ովքեր են մեղավորները»,- նշեց զոհված զինծառայողի հայրը: