Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում 2017 թվականի օգոստոսի 1-ին տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ տեղի ունեցած սպանության գործը դեռեւս արդար քննության չի ենթարկվել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շամիրամ գյուղում սպանվածների տուժածների իրավահաջորդ Բաբկեն Մարտունյանը:

Ըստ իրավահաջորդի՝ ամբաստանյալի պաշտպանը փորձում է անընդհատ դատական նիստերը հետաձգել:

Նա պատմեց, որ Թելման Քալաշյանը զինված մուտք է գործել սգո հանդիսությունների սրահ, որտեղ ներկա են եղել 150-200 մարդ: Այդ անձանց աչքի առաջ գնդակահարել է չորս մարդու:

«Չորսից երեքին սպանել է նշանառությամբ, իսկ մյուսը կրակոցների արդյունքում սպանվել է: Նախաքննությունն ավարտվել է, եւ գործը 4 տարուց ավելի է՝ մուտք է գործել դատարան: Դատական նիստերն անընդհատ հետաձգվել են, հետաձգվել է հանցագործի պաշտպանի պատճառով: Գործով հարցաքննվել է երեսունից ավելի վկաներ, 15-ից ավելի տուժողներ: Հանցագործը ընդունել է իր մեղքը: Պաշտպանը փորձում է անընդհատ գործը ձգձգել: Գյուղի բնակիչները հոգնել են արդեն ուշացած արդարադատությունից»,-ասաց նա:

Ըստ նրա՝ այս գործը վաղուց ապացուցված է. «Մենք արդեն հասել ենք ապացույցների հետազոտման փուլին։ Պաշտպանը նույնիսկ այս փուլն է փորձում ձգձգի: Դատարանը բազմիցս հայտարարել է, որ պետք է նիստերը կայանան ամեն հինգշաբթի օրը, բայց հանցագործի պաշտպանը չի ներկայանում նիստերին, ավելին՝ հանցագործը հետո հրաժարվել էր իր ընդունած մեղքից, հենց նույն պաշտպանի ցուցումով»։

Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում 5 տարի առաջ՝ 2017 թվականի օգոստոսի 1-ին, առանձնապես ծանր հանցագործություն էր տեղի ունեցել։ Համայնքի գերեզմանատանը կից տեղակայված սգո սրահում, որտեղ եզդիներն այդ օրը մասնակցում էին իրենց՝ «Խեր» ազգային ծիսակատարությանը, Թելման Քալաշյանն ավտոմեքենայով գնացել է Շամիրամ համայնք: Հասնելով նշված վայր՝ Քալաշյանը հրազենով զինված մուտք է գործել սգո սրահ, հայհոյել, ապա կրակոցներ արձակել սրահում գտնվող բազմաթիվ անձանց ուղղությամբ։

Արձակված կրակոցների հետեւանքով 4 անձ մահացել է, եւս 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դեպքից հետո Թելման Քալաշյանը դիմել է փախուստի, որի ընթացքում կրակոցներ է արձակել նաեւ իր փախուստը կանխելու եւ բռնելու նպատակով իրեն հետապնդող քաղաքացու նկատմամբ, որն ականատես էր եղել սգո սրահում կատարված ողբերգությանը։

Շուրջ 24 օր անց հետախուզման մեջ գտնվող Քալաշյանը հայտնաբերվել եւ կալանավորվել է։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ 34-104-րդ հոդվածի 1-ին մասով։