Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը կխրախուսի, եթե ընդդիմադիր խմբակցությունը դիմի դատարան և վիճարկի այն իրավական ակտի օրինականությունը, որով ավագանու անդամների լիազորությունները վաղաժամ դադարեցվում են։ Նա նշեց, որ ավագանու խմբակցության կողմից դատարան դիմելու դատավարական հնարավորությունն իր թեզն է։ Սակայն դժվարացավ պատասխանել հարցին՝ որոշումն իրավաչափ է, թե ոչ, պատճառաբանելով, որ այն կարող է լինել վեճի առարկա։
«Ես որպես ավագանու անդամ քվեարկել եմ։ Խմբակցությունը բավական հետաքրքիր հարցադրումներ բարձրացրեց, որոնց վերաբերյալ դատարանի որոշումը շատ օգտակար կլինի ՀՀ համար»,- նշեց Արտակ Զեյնալյանը։
Պատասխանելով «Հանրային ձայն» խմբակցության 2 անդամների նկատմամբ ճնշումներին, ինչի հետևանքով նրանք մասնակցեցին ավագանու արտահերթ նիստին, Արտակ Զեյնալյանը լրագրողներին խորհուրդ տվեց հետապնդումների վերաբերյալ տեղեկություն ունենալու դեպքում՝ հաղոդում ներկայացնել հանցագործության մասին։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երևան քաղաքի ավագանու այսօրվա արտահերթ նիստի օրակարգում է Երեւանի ավագանու 5 անդամների լիազորությունները դադարեցնելու մասին հարցն է:
Մասնավորապես, խոսքը վերաբերում է ավագանու հետեւյալ անդամներին.
Նարինե Հայրապետյան («Մայր Հայաստան»)
Հայկ Մարության («Ազգային առաջընթաց»)
Սոննա Աղեկյան («Մայր Հայաստան»)
Գևորգ Ստեփանյան («Մայր Հայաստան»)
Զարուհի Փոստանջյան («Մայր Հայաստան»)
Այս պահին արդեն Նաիրնե Հայրապետյանի, Հայկ Մարությանի եւ Սոնա Աղեկյանի լիազորությունները դադարեցվել են: Մյուսների հարցը դեռ քննարկվում է:
Նշենք, որ ավագանու նիստին քվորումի համար պետք է առնվազն 33 ձայն: Իշխանական կոալիցիան ունի 32 ձայն: Այսօրվա նիստին իշխող կոալիցիայից բացի մասնակցեցին նաեւ «Հանրային ձայն» խմբակցության երկու անդամներ, ինչը թույլ տվեց, որ նիստը կայանա:
Ավելի ուշ նիստին ներկայացան «Ազգային առաջընթաց» եւ «Մայր Հայաստան» խմբակցության անդամները:











