Որեւէ մեկը չի ասում, որ Ադրբեջանն ու Թուրքիան թշնամաբար չեն տրամադրված մեր նկատմամբ, դա փաստ է, իսկ մենք ինչպե՞ս ենք տրամադրված եղել վերջին 100-ամյակում մեր հարեւան երկրներին, նույնպես թշնամաբար ենք տրամադրված եղել. Լավ, իսկ հարցը ո՞նց ենք լուծելու: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը:
Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեղադրանքներին, թե իշխանական պատգամավորները թուրքական, ադրբեջանական թեզեր են բարձրացնում, Ալեն Սիմոնյանն ասաց, որ դա իրականությանը չի համապատասխանում:
«Մենք ուզում ենք մեր երկիրն ապահովագրել հետագա այն զարգացումներից, որին մեր երկիրը պատրաստ չէ և չի էլ կարող պատրաստ լինել՝ օբյեկտիվ պատճառներից ելնելով: Դա է ընդամենը: Կա իրողություն, որը ստեղծվել է պատերազմից հետո, չեմ ուզում քննարկել, թե ոնց եղավ, ինչ եղավ, այնքան բան է խոսացվել ու էլի կխոսացվի: Ես ասել եմ, որ հաճախ ընդդիմության գործելաոճը և այն, ինչ տեղի է ունենում սահմանին, համընկնում են:
Կապ եմ տեսել դրանց մեջ, բայց հիմա ուզում եմ դուրս գալ այդ վարկածից: Կարո՞ղ է մենք նաեւ մի իրավիճակի մեջ ենք հայտնվում, երբ ուղղակի մեր հակառակորդ երկրները՝ ոչ միայն Թուրքիան ու Ադրբեջանը, օգտվում են այս իրավիճակից, և մենք դա չենք նկատում»,-ասաց ԱԺ նախագահը::
Սիմոնյանը խոստովանեց` ինչպես ընդդիմությունը, այնպես էլ իշխանությունը ունեն իրենց սխալները:
«Իսկ կարո՞ղ է այդ սխալների մեջ նաև մտնում է այն բանը, որ նրանք օգտվում են, և մենք դա չենք նկատում ու ջո՞ւր ենք լցնում իրենց ջրաղացին: Մենք դա անում ենք չհասկանալով: Բավական է, որ մի ադրբեջանական նարատիվ նետվի շրջանառության մեջ, թե մենք, թե դուք, թե լրատվամիջոցները, վերցնում են այդ նարատիվը: Դուք ասում եք, թե մենք ենք դա վերցրել, մենք ասում ենք, թե դուք եք վերցրել: Դա պետք է դադարեցնել, որ ջուր չլցնենք մեր` թշնամաբար տրամադրված հարևանների ջրաղացին: Ի՞նչ ենք շահելու մենք»,-հավելեց Սիմոնյանը:
Նշենք, որ Գառնիկ Դանիելյանը նշել էր, որ երկրի առաջ ծառացած մարտահրավերների պայմաններում մարդիկ ապրում են վախի մթնոլորտում, որ հարձակում տեղի կունենա Հայաստանի նկատմամբ, ինչի մասին Ադրբեջանում և Թուրքիայում բացեիբաց խոսում են։











