Բարձր գիտակցությամբ ու պատասխանատվությամբ ենք մոտենում մեր առջև դրված խնդրին, քանի որ մեր թիկունքում մեր ընտանիքներն են, և առաջին հերթին, նրանց համար ենք այստեղ կանգնած: Ժամկետային զինծառայող Սմբատ Բեջանյանի խոսքով, սահմանին կանգնած զինվորին՝ թիկունքում գտնվող մտերիմներն են ուժ տալիս:
Ժամկետային զինծառայող Սուրիկ Դանիելյանն էլ է հպարտ, որ իրեն հնարավորություն է տրվել պաշտպանելու հայրենիքը, և ամեն ինչ անում է ծառայությունն արժանապատվորեն կատարելու համար: Դիրքերում ատաջին անգամ չէ, դիտորդի պարտականություններին լավ է տիրապետում, առաջին անգամ մարտական հերթապահություն իրականացնողների հետ սիրով կիսվում է կուտակած փորձով ու խորհուրդներով:
«Քանի որ շատ զինծառայողներ կան, որոնք առաջին անգամ են դիրքեր բարձրանում, բնականաբար, մեր հանգստի ժամից տրամադրում ենք, որպեսզի գնանք, նրանց սովորեցնենք, խրամատի և տարածքի առանձնահատկությունները, մարտական դիրքերի անուններն ու հեռավորությունները, այսինքն, այն ամենը, ինչն անհրաժեշտ է մարտական հերթապահությունը լավ իրականացնելու համար»,-ասում է Սուրիկ Դանիելյանը:
Առաջին անգամ մարտական հերթապահություն իրականացնողներից մեկն էլ Ալեքսան Առաքելյանն է, որն՝ իր խոսքով, լավ գիտակցում է իր առջև դրված խնդիրը և պատրաստ է արժանապատվորեն կատարել իր ծառայությունը, քանի որ նախքան հերթապահության անցնելը հրամանատարները լավ են հրահանգավորել, ներկայացրել դիրքերում ծառայություն իրականացնելու բոլոր առանձնահատկությունները:
Դասակի հրամանատարի՝ Սևակ Չարչյանի խոսքով, ամեն օր անցկացվում են մասնագիտական պատրաստվածության պարապմունքներ, հրահանգավորումներ, ինչի արդյունքում հնարավոր է դառնում ծառայությունն առավել ապահով կազմակերպել:
«Անկախ եղանակային պայմաններից՝ բոլորս էլ պատրաստ ենք մեր առջև դրված խնդիրը պատվով կատարել, որովհետև գիտենք՝ ինչի՞ և ո՞ւմ համար ենք այստեղ»,-ասում է դասակի հրամանատարը:
Ստորաբաժանման հրամանատարի տեղակալ Սերյոժա Նազարեթյանի խոսքով, թեև առատ տեղումների և ցրտի դեպքում դիրքերում ծառայություն իրականացնելն ավելի է բարդանում, նրանք ամեն ինչ անում են իրենց պարտականությունները արժանապատվորեն կատարելու համար:
«Տեսանելիության ջերմատեսիլ սարքերով ապահովված է ցանկացած մարտական դիրք: Վատ եղանակային պայմանների դեպքում անգամ, տեխնիկական միջոցներն օգտագործելով, պատշաճ իրականացնում ենք մեր ծառայությունը»,-ասում է նա:











