Մենք համոզված ենք, որ սա մի ճանապարհ է, որով անցնում ենք, որը անհրաժեշտ է մեր համապարփակ անվտանգությունը ապահովելու համար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15–ին, «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովում իր խոսքում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով նրան, որ հանրությունը ազգային ինքնության շերտերին և ինքնագիտակցության շերտերին դիպչող բավական բարդ ներքին տրանսֆորմացիաների փուլով է անցնում՝ Արցախից, ցեղասպանությունից, անկախության հռչակագրից մինչև Արարատի և Արագածի խոսույթներ ու դրոշմանիշից սիմվոլների հեռացում։
«Վարչապետի նշած օրինակը շատ լավն էր. երբ բնակարան ես կառուցում, պատերին ինչ-որ նկարներ ունենաս, որը կարող է հարևանի մոտ այլ էմոցիաներ առաջացնել։ Մենք կարծում ենք, քանի որ մենք խաղաղության ճանապարհով ենք ընթանում, հարցեր կան, որոնց պետք է անրադառնանք, և շատ կարևոր է, որ այդ հարցերին ամբողջովին հրապարակային ենք անդրադառնում։ Չկա որևէ գաղտնի գործընթաց սրա մեջ և հանրությունը համոզված եմ, որ ընդունում է և համակարծիք է։ Իհարկե դեբատներ կան, քննարկումներ կան, բայց քանի որ ազատ հասարակություն ենք և հասարակությունն ունի իր տեսակետն արտահայտելու բազմաթիվ միջոցներ և նաև գալիք ընտրություններն են լինելու դրա արտահայտման միջոցը, ես այստեղ ավելի շատ դիմակայունության ավելի բարձր մակարդակ եմ տեսնում, որովհետև որևէ սահմանափակում չկա խնդիրների քննարկման կամ խնդիրների հասցեագրման»։
Հարցին՝ արդյոք մեր դիմակայության շուրջ ազգային նարատիվը ձևավորման փուլում է, ԱԽ քարտուղարն արձագանքեց. «Եվ ձևավորման, և վերափոխման։ Եկեք անկեղծ լինել, մենք էլ որպես հասարակության մի մաս, ունեցել ենք այն նույն մտածողությունը, այն նույն նարատիվները, որոնք գոյություն են ունեցել հայ հասարակությունում։ Մեր անվտանգության սպառնալիքները մեզ ստիպել են վերագնահատել մեր սպառնալիքների հանդեպ մոտեցումները։ Մենք խորը անհրաժեշտություն ենք տեսել, դրանք փոփոխությունների տանելու։ Դրա հիմնական ձևը այդ սպառնալիքները քայլ առ քայլ հանելն է որպես սպառնալիք, որովհետև եթե մենք շարունակենք սպառնալիք ստեղծելու ուղղությամբ մտածել, բնականաբար մեր անվտանգության համակարգը ավելի մեծ ծանրություն կունենա, ավելի մեծ բեռ կունենա։ Մենք հասկանում ենք, որ անվտանգության համակարգից հնարավորինս այս բեռը պետք է հանել, որպեսզի այդ ինստիտուտներն էլ ավելի հանգիստ միջավայրում ձևավորվեն, որովհետև անվերջ ճնշումը համակարգի վրա կարող է անդառնալի բացակայում հետևանքներ ունենալ»։











