Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման պատճառը միշտ լինում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Երբ Հայաստանի Հանրապետությունը ուզում է ավելի մեծ ինքնիշխանություն ունենալ, ավելի անկախ որոշումներ կայացնել, այդ ամենը սկսում է ավելի ճնշվել, որովհետև շատ երկրներ չեն ուզում, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ինքնիշխան։ Այս մասին այսօր, ապրիլի 15-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը։
Մեկնաբանելով այն, որ հայ գործարարները վերջին շրջանում խնդիրներ են ունենում Ռուսաստանում, Սուքիասյանը նախ նշեց, որ նման խնդիրներ չկան, ապա նկատեց, որ այդպիսի խնդիրներ անցած 30 տարվա մեջ միշտ եղել են, և «դրանք քաղաքական գործիքներ են, որ օգտագործվում են տարբեր երկրների կողմից, առավել ևս՝ խոշոր երկրի»։ Այնուհետև հավելեց, որ աշխարհում տիրող իրավիճակն է այսօր թելադրում որոշումներ, և այդ իրավիճակից ելնելով, կարծում է, ավելի ճիշտ որոշումներ կկայացվեն։
Խոսելով Ռուսաստանի ու Հայաստանի տնտեսական կապվածության մասին, Խաչատուր Սուքիասյանը պնդեց, որ Հայաստանը Ռուսաստանից գազն ավելի մատչելի գնով չի ձեռք բերում, քան եվրոպական երկրները։ Ըստ նրա, այդ մասին են վկայում 20 տարվա ընթացքում գազի գնման միջինացված գները։ Օրինակ, Գերմանիան ռուսական գազը մինչև 2021-2022 թվականները գնել է 150-220 դոլարով, թե եվրոյով, դրանից հետո՝ 300-ով։ «Իհարկե, սրված ժամանակ բարձրանում է, բայց միջինացված գին գոյություն ունի», - ասաց նա։ Իսկ Հայաստանին, ըստ նրա, հաշվի առնելով որ «Գազպրոմ Արմենիան» ևս Ռուստանին է պատկանում, գազը հասնում է 380 թե 400 դոլարով։
ԵՄ և ԵԱՏՄ երկրտրանքի մասին խոսելիս, պատգամավորը հիշեցրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը նրա մասին, որ իրենք շատ երկար ժամանակ բանակցել են Եվրոպական կառույցների հետ, բայց համաձայնության գալ չի ստացվել։
«Դա նշանակում է, որ այդ փորձը հնարավոր է կանոնակարգվելուց հետո համաշխարհային հարթակներում, որը ես կերազեմ դա լինի։ Դրանից հետո հնարավոր է, որ այդ նույն գործընթացը սկսվի, որովհետև դա ինչ-որ մի ժամանակ սկսվել է, ինչ-որ մի ժամանակ, երբ որ սրացել է, դադարել է», - ասաց նա։ Խաչատուր Սուքիասյանի գնահատականով, այսօրվա էներգետիկ ճգնաժամը Ռուսաստանի համար նոր հնարավորություններ է ստեղծում։ Իսկ Հայաստանի համար, նրա կարծիքով, ոչ մի երկընտրանք գոյություն չունի, այդ ամենն ուղղակի գործիքներ են, ներառյալ գազի գինը։
Նա նշեց, որ ԵԱՏՄ-ն շատ լավ հարթակ է, բայց Հայաստանի Հանրապետության տնտեսության մոդեռնիզացիայի, ժամանակակից տեխնոլոգիաների ներկրման արդյունքում հնարավոր է Հայաստանի Հանրապետության ապրանքատեսակների մեծ մասը Եվրոպայի տարբեր հարթակներում նույնպես իրացվի։
Վերադառնալով այն հարցին, որ որոշ հայ գործարարներ Ռուսաստանում ապրանքն իրացնելու խնդիրներ ունեն, նա նշեց, որ «եթե ինչ-որ մի գործարար Հայաստանի Հանրապետությունից չհամապատասխանող ապրանքներ է արտահանել, դա շատ մեծ վնաս է և երկրի իմիջի համար, և տվյալ կազմակերպության համար»։ «Այդ որոշումը իհարկե Ռուսաստանի Դաշնությունում քաղաքական է, բայց վերջին հաշվով մերոնք էլ կարող են տանել լաբորատորիա, հասկանալ․․․ այս կամ այն նյութը համապատասխանում է, թե ոչ», - ասաց նա։
Խաչատուր Սուքիասյանը չհամաձայնվեց այն մտքին, որ եվրոպական շուկան հայկական արտադրանքի կարիքը չունի։ «Դուք տեղյակ չեք, որ մինչև անգամ հայկական վարդերը Նյու Յորք են գնում», - ասաց նա, և հավելեց․ «Այն գործընթացը, որը որ պետք է սկսվի և այլ շուկաներում, որտեղ որ առավել խիստ պահանջներ կան և որտեղ որ այդպես ախպերական պայմանավորվածություններ չի ձեռք բերվում, այլ միայն ինստիտուցիոնալ որակի և մնացած ինստիտուտների համապատասխան արտոնագրերի, լիցենզիաների արդյունքում է կատարվում, մենք պետք է անպայման մտնենք այդ դաշտ, որպես պետություն, պարտավոր ենք ամեն ինչ անել, թեկուզ կորուստներով, թեկուզ եկամուտները մի քիչ քիչ լինի»։











