Իրանական արբանյակային Press-TV հեռուստաընկերությունը օգոստոսի 7-ին հայտնել է, որ թուրքական բանակի միավորումները զրահապատ մեքենաների եւ մարտական ուղղաթիռների ուղեկցությամբ հատել են սիրիական սահմանը եւ մտել են քրդերով բնակեցված Ջարաբլուս քաղաք:

Ներխուժման մասին այլ աղբյուրներից ստացված  տեղեկատվություն չկա, գրում է «լենտա.ru»-ն:

Ջարաբլուս քաղաքը  գտնվում է Թուրքիայի սահմանին` Հալեպից 100 կմ հեռավորության վրա: Նախկինում հայտնի է դարձել, որ հուլիսի 19-ին այս բնակավայրի նկատմամբ հսկողություն են սահմանել «Սիրիայի ազատ բանակի» ապստամբները:

Անցյալ շաբաթվա ընթացքում սիրիական սահմանի մի քանի հատվածներում թուրքական հրամանատարությունը կենտրոնացրել էր տասնյակ տանկեր եւ հազարավոր զինծառայողներ: Պաշտոնական տվյալներով, նրանք բոլորն անցել են ուսումնավարժություններ`  յուրացնելով կոշտ տեղանքով շարժվելու հմտությունները:

Բացի այդ, թուրքական ղեկավարությունը հայտնել է, որ անպայման մուտք կգործի սահմանակից երկրի տարածք, եթե այնտեղ հաստատվեն «Քրդական աշխատավորական կուսակցության» զինյալները:

CNN-ի` հյուսիսային Սիրիայի թղթակից Այվեն Ուոթսոնի փոխանցմամբ, ՔԲԿ ակտիվիստները ոչ միայն հաստատվել են Սիրիայի հյուսիսում, այլ այնտեղ արդեն կառուցում են պաշտպանական հենակառույցներ: