News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 29
Տեսնել լրահոսը

Մերձավոր Արեւելքի սոխակ համարվող հայտնի երաժիշտներից մեկի՝ հայազգի Արամ Տիգրանի մահվան 3-րդ տարելիցի կապակցությամբ Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը հանդես է եկել հայտարարությամբ:

Դիարբեքիրի քաղաքապետարանի կայքում տեղադրված հայտարարության մեջ Օսման Բայդեմիրը հայտնել է, որ մեծ երաժիշտ, ազատության ձայն Արամ Տիգրանը իր երգերի հետ խորհրդանշում էր եղբայրությունը եւ քրդի պես քուրդ երաժշտությանը ծառայություն էր մատուցում:  Արամ Տիգրանի մահը արվեստի տեսանկյունից մեծ կորուստ էր հայերի, արաբների եւ քրդերի համար: Արամ Տիգրանը հայ եւ քուրդ ժողովուրդների միջեւ խաղաղության աղավնի էր, սիրտն էլ՝ երեխայի սրտի պես մաքուր: Արամ Տիգրանը քրդերենի պահպանման համար խորհրդանիշ դարձավ:

Արամ Տիգրանի մահվան 3-րդ տարելիցի կապակցությամբ մեկ անգամ եւս նրա ընտանիքին, ընկերներին, հայ եւ քուրդ ժողովուրդներին համբերություն եմ մաղթում: Հազար տարի էլ անցնի, նրա ունիկալ եւ անկրկնելի ձայնը ապրելու է, նրա անունը ապրելու է: Արամ Տիգրանի մահվան 3-րդ տարելիցին նրան ամենախորին հարգանքով հիշում ենք»,-հայտարարել է Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը:

Հիշեցնենք, որ 1934-ի հունվարի 15-ին Սիրիայի Քամիշլո քաղաքում ծնված Արամ Տիգրանը 20 տարեկանից իրեն նվիրել է երաժշտությանը՝ երգելով հայերեն, քրդերեն, թուրքերեն, արաբերեն, հունարեն եւ ասորերեն։  Արամ Տիգրանը մի շարք հայկական ժողովրդական երգեր է թարգմանել ու երգել քրդերեն, եւ հակառակը։

Արամ Տիգրանի երազանքը՝ թաղվել Դիարբեքիրում, չկատարվեց, քանի որ թուրքական իշխանությունները թույլ չտվեցին հայազգի երաժիշտին թաղել Դիարբեքիրի հայկական գերեզմանոցում։  Այնուամենայնիվ, Դիարբեքիրի հայկական գերեզմանոցում կատարվեց Արամ Տիգրանի խորհրդանշական թաղումը, իսկ արդեն նրա համար փորված գերեզմանի հողը Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրն իր հետ տեղափոխել է Բրյուսել, որտեղ թաղվել է հայտնի հայազգի երաժիշտը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Այս թեմայով
Ամբողջ
Ամենաշատ
Partner news