Ֆրանսիայում պատմության եւ աշխարհագրության նոր դասագրքերի մեջ Հայոց ցեղասպանության մասին նյութի  ընդգրկումը համարվում է այս երկրի Կրթության նախարարության հատուկ հանձնաժողովի նախաձեռնությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ֆրանսիայում «Հայ դատի» գրասենյակի ղեկավար Հրաչյա Վարժապետյանը:

Վարժապետյանի խոսքով, 10-րդ դասարանցիների (Ֆրանսիական հանրակրթական  համակարգի համաձայն` 2-րդ դասարան) գրքերում բաժնի ավելացումը հանդիսանում է հին դասագրքերի փոփոխության հետեւանք. «Բաժինը կազմված է երկու էջից, ինչը մեծ աղմուկի պատճառ է դարձել Թուրքիայում»:

Անդրադառնալով թուրքական լրատվամիջոցներում հայտնված այն  տեղեկատվությանը, ըստ որի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել է, որ դասագրքերում Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերի  ընդգրկմամբ զբաղվում է հատուկ  հանձնաժողով` Վարժապետյանը նշել է. «Շատ կարեւոր է, որ Հայոց  ցեղասպանության մասին նյութեր ընդգրկելու նախաձեռնությունը պատկանում է ոչ թե նախագահ Օլանդին, այլ կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովին, հակառակ դեպքում հարցը քաղաքական ենթատեքստ կունենար: Բայց այս դեպքում ավելացումը կատարվել է Կրթության նախարարության որոշմամբ, եւ սա նշանակում է, որ քաղաքական անհաժեշտության պահի թելադրանք չի եղել»:

Նշենք, որ Ֆրանսիայում պատմության եւ աշխարհագրության դասագրքերում ավելացվել են Օսմանյան կայսրությունում  Հայոց ցեղասպանությանը վերաբերող բաժին, ինչը առաջ է բերել Թուրքիայի դժգոհությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Ֆրանսիայի դպրոցական դասագրքերում  Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերի ավելացման մասին տեղեկատվությունը լրջորեն անհանգստացրել է Թուրքիայի Արտգործնախարարությանը: Թուրքիայի ԱԳՆ-ն սկսել է ուսումնասիրել 4-րդ դասարանի  պատմության ֆրանսիական դասագրքերը, որտեղ, լրատվության համաձայն, նյութեր են զետեղվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Պատասխանալելով այն հարցին, թե արդյոք տեղյակ է ֆրանսիական դասագրքերում Հայոց ցեղասպանության նյութի առկայության մասին` Ֆրանսուա Օլանդը  պատասխանել է, որ ինքը նման հրաման չի արձակել` ընդգծելով, որ նման հարցերով արդեն վաղուց զբաղվում է հատուկ հանձնաժողովը: