«Արմավիայի» սնանկացումը չի բացառցում, քանի որ ընկերությունում «լարված» ֆինանսական վիճակ է: Այդ մասին այսօր՝ մարտի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը:

Նրա տեղեկացմամբ՝ «Արմավիայի» եւ կառավարության միջեւ կնքած պայմանագիրը, որով «Արմավիան» մի շարք բացառիկ իրավունքներ էր ստացել, ավարտվում է ապրիլի 22-ին: Կերկարաձգե՞ն, թե՝ ոչ, Ա. Մովսիսյանը դժվարացավ ասել, քանի որ որոշումը պետք է ընդունի ՀՀ կառավարությունը: «Արմավիայի» վաճառքի հետ կապված Ա. Մովսիսյանն ասաց, որ որեւէ կազմակերպությունից հայտ չեն ստացել: Նախկինում ինքը դիմել է մի քանի օտարերկրյա ավիաընկերության, սակայն հետաքրքրությունը մեծ չի եղել: Գ. Ծառուկյանի կողմից «Արմավիայի» գնելու մասին խոսակցությունները Ա. Մովսիսյանը անվանեց «չհիմնավորված»:

Ա. Մովսիսյանի խոսքով՝ «Արմավիան» ազգային փոխադրող չէ, քանի որ այդպիսի տերմին ՀՀ օրենսդրությամբ չի սահմանված:

Ա. Մովսիսյանը նաեւ ասաց, որ կառավարությունում դեռ վերջնականապես չեն կողմնորոշվել՝ արդյո՞ք Հայաստանն անցնելու է «բաց երկնքի» քաղաքականության, քանի որ դա ունի իր եւ դրական, եւ բացասական կողմերը; «Կարող է լինել ազատականացման գործընթաց, սակայն աստիճանաբար»,- ասաց Ա. Մովսիսյանը: Նա չբացառեց, որ Հայաստանը կարող է ստեղծել պետական ավիաընկերություն: