Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Սեդրակ Սարոյանը մեկնել էր Գերմանիա՝ առողջական խնդիրների պատճառով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ ոտքի նյարդի հետ կապված խնդիրներ կան, չի վիրահատվել, այժմ ամեն ինչ նորմալ է եւ անհամբեր սպասում է ԱԺ հաջորդ քառօրյային: Հարցին, թե դուք եւ ձեր ընկերը՝ Մանվել Գրիգորյանը, միասին հիվանդացաք, նա նկատեց.
«Փառք Աստծո, խի՞ ենք հիվանդանում, առողջ ենք, փոխանակ Աստված կանչեք, որ մենք չհիվանդանանք, ոնց որ ուրախանում եք, որ մենք հիվանդանում եք: Աստված կանչեք, որ մենք չհիվանդանանք, Աստված չանի, որ մի բան լինի, ո՞վ է էս ամեն ինչին տեր կանգնողը, վատ օրերի մասին էլ պետք է մտածենք. լավ օրերը հասկացանք, լավ օրերը սաղինն ա, բա էն նեղ օրերի մասին էլ պետք է մտածել, մեզի հիվանդանալ չկա, հիվանդ- միվանդ մեր համար կապ չունի» :
Նա խոստովանեց, որ շատ կարոտել է պատգամավորի աշխատանքը, «առանց դրա մենք կյանք ունենք»:
Ի դեպ, Սեդրակ Սարոյանը մասնակցել է անկախության տոնի միջոցառումներին, սկզբից գնացել է Եռաբլուր, այնուհետեւ Մարզահամերգային համալիր: Հարցին, թե երեկոյան չեք գնալու եւ Փարվանայում չեք նշելու տոնը, նա պատասխանեց. «Բա ոնց, անպայման»:
Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, որ ԱԺ-ի երկու գեներալները՝ Մանվել Գրիգորյանը եւ Սեդրակ Սարոյանը առողջական խնդիրներ ունեն, նրանք ներկա չէին ԱԺ նախորդ քառօրյային: Մանվել Գրիգորյանն ՝ ամռանը 2 անգամ վիրահատվել է Ֆրանսիայում: Երկրորդ վիրահատությունից հետո, որը շաբաթներ առաջ է եղել, բժիշկները գեներալին խորհուրդ են տվել պառկած մնալ, բայց նա, անտեսելով բժիշկների պահանջը, ժամանակից շուտ դուրս է գրվել հիվանդանոցից, որ գա Հայաստան եւ գլխավորի ԵԿՄ-ականների ամենամյա ավանդական ուխտագնացությունն Արցախ: Հենց ճանապարհին էլ՝ ինքնաթիռում, նրա ինքնազգացողությունը կրկին վատացել է, եւ Հայաստան ժամանելուն պես տեղափոխել են հիվանդանոց: Որտեղից վերջերս դուրս է գրվել:





























