News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Բավական է ընթերցել իմ պատասխանները լրագրողներին համոզվելու համար, որ ես բանավիճում եմ Ադրբեջանի նախագահի, այլ ոչ թե Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի հետ։ Այսպես է արձագանքել Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հայտարարությանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վիկտոր Սողոմոնյանը՝ արձագանքելով Շավարշ Քոչարյանի արտահայտություններին «Ազատություն» ռադիոկայանին ասել էր. «Շավարշ Քոչարյանը լուրջ խնդիրներ ունի, ու ոչ միայն հիշողության հետ»:

Շավարշ Քոչարյանը, անցած ուրբաթ օրը մեկնաբանելով Սողոմոնյանի հայտարարությունը, թե պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատկերացումներով՝ Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մաս է, ասել էր, մասնավորապես, թե պետք չէ այդպիսի հայտարարություններով ջուր լցնել Ադրբեջանի ջրաղացին:

«Հաշվի առնելով Շավարշ Քոչարյանի վարկը, կարելի էր եւ չարձագանքել նրա հարցազրույցին, եթե խնդիրը չառնչվեր ԼՂՀ թեմային եւ արծարծված չլիներ փոխարտգործնախարարի պաշտոն զբաղեցնող անձի կողմից: Խոսքը մի մարդու մասին է, ով քաղաքական ակրոբատիզմի նշանակալի տաղանդ դրսեւորելով եվրոինտեգրացիայի «համոզված» կողմնակցից մեկ գիշերում վերափոխվեց Մաքսային Միության ոչ պակաս «համոզված» ջատագովի», - ասված է Վիկտոր Սողոմոնյանի տրամադրած հաղորդագրությունում:

«Դատելով այդ հարցազրույցի բովանդակությունից, Շավարշ Քոչարյանը լուրջ խնդիրներ ունի, ու ոչ միայն հիշողության հետ: Երեւի թե Ռոբերտ Քոչարյանը, լինելով ԼՂՀ Անկախության Հռչակագրի հեղինակ /Կարեն Բաբուրյանի հետ միասին/, ԼՂՀ Պետական պաշտպանության կոմիտեի նախագահ եւ ԼՂՀ առաջին նախագահ, փոխնախարարից շատ ավելի լավ գիտի, թե ինչպես եւ ինչու իրագործվեց ինքնորոշման իրավունքը ԼՂՀ ստեղծման ճանապարհով, ինչն առավել արդյունավետ էր՝ վերջնական նպատակին հասնելու համար: Բայց Ղարաբաղյան շարժման էությունն ու կարգախոսը մեկն էր՝ «Միացում»: Հենքային հիմնավորումներն ու շարժառիթներն էլ՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն էր եւ արհեստականորեն բաժանված ժողովրդի վերամիավորումը», - հայտարարում է Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ շարունակելով․ - «Փոխնախարարը, թերեւս, չգիտի, որ Քի-Վեստյան փաստաթղթի հիմքում /դրա ստորագրումը չափազանց մոտ էր իրականություն դառնալուն/ ընկած էր հենց Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի վերամիավորումը: Լինելով թե ԼՂՀ, թե ՀՀ նախագահ, Ռոբերտ Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան կարգավորման վերջնական նպատակը հենց երկու հայկական պետությունների վերամիավորումն է: Նա, ով կմոռանա այդ նպատակը՝ կմոլորվի, կմոլորեցնի ժողովրդին եւ կվտանգի Ղարաբաղը: Հայաստանի եւ ԼՂՀ-ի իրական ինտեգրացիայի աստիճանն այսօր մոտ է կոնֆեդերատիվ մոդելին, իսկ անվտանգության համակարգում մենք լիարժեք ինտեգրում ունենք: Սա հանրահայտ փաստ է, որը ոչ թե թուլացնում, այլ հզորացնում է մեզ»:

«Ղարաբաղյան շարժման վերջնական նպատակի մոռացության մատնելը եւ մեր արտաքին քաղաքական գերատեսչությունում նման փոխնախարարի գոյությունը. սրանք են Ադրբեջանին «տրվող պասերը», - ասված է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի հաղորդագրությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ