80-ամյա Արաքսյա Ոսկանյանը արդեն 4 տարի ապրում է Երեւանի №1 տուն-ինտերնատում: Երբ դուստրը որոշել է նրան ծերանոց բերել, խնդրել է, որ ծերանոցի աշխատողներին Արաքսյա տատիկը իրեն որպես հարեւանուհի ներկայացնի:

«Ամուսնացա, երբ 21 տարեկան էի, երեք աղջիկ, մեկ որդի ունեցա, հետո ամուսինս մահացավ: Ես աշխատում էի Մերգելյան ինստիտուտում, ու մի օր աշխատանքից տուն եկա, իմացա, որ որդիս առանց իմ իմացության վաճառել է մեր երեք սենյականոց բնակարանը: Խոսեցի իր հետ, համոզեցի, ինձ մեկ սենյականոց բնակարան գնեց, որ կարողանայի ապրել, ինքն էլ իր կնոջ եւ երկու երեխաների հետ գնաց Ռուսաստան»,- պատմում է Արաքսյա տատիկը:

Մի քանի ամիս ապրելուց հետո Արաքսյա տատիկի երեք աղջիկներից մեկը ստիպում է նրան վաճառել մեկ սենյականոց բնակարանը:

«Մի օր տանն էի, աղջիկս եկավ, ասեց, որ մյուս աղջկաս որդին իր տնից ոսկեղեն է գողացել, ասեց, որ տունս վաճառեմ եւ թոռիս գողացած ոսկեղենի գումարը տամ: Ես էլ ասեցի էդպես ո՞նց կլինի, բա ես ո՞ւր մնամ, ասեց՝ գնա տղիդ մոտ: Տենց տունս վաճառեցի, տվեցի 500 դոլար գողացած ոսկեղենի համար, իսկ մնացած գումարով մյուս աղջիկս իր տղու համար տուն առավ: Ես մենակ կարողացա տղայիս մոտ գնալու տոմս առնել, ու մեկ շաբաթից մեկնեցի Վոլգոգրադ»,- հիշում է Արաքսյա տատիկը:

Սակայն որդու մոտ էլ Արաքսյա տատիկը երկար չի մնացել, որդու վերաբերմունքը նրան ստիպել է կարճ ժամանակ անց վերադառնալ Հայաստան։ Երեւանում տարեց կնոջը երեք դուստրերից ոչ ոք չի դիմավորել, գիշերը ժամը 3-ին օդանավակայանի աշխատակիցներն են նրան տաքսի նստեցրել։

Օդանավակայանից Արաքսյա տատիկը գնացել է Նորագյուղում ապրող դստեր՝ Ռուզաննայի մոտ, որն էլ հետո ամուսնու հետ նրան բերել է ծերանոց:

«Երբ ներս մտա, զարմացավ ինձ տեսնելով, ասեց՝ մամա, էս ի՞նչ է եղել, ինչի՞ ես էսքան նիհարել: Աղջիկս երկրորդ անգամ է ամուսնացել: Մի օր նստած եմ խոհանոցում, լսում եմ, որ ամուսինն առաջարկում է ինձ ծերանոց տեղափոխել: Ու ես հայտնվեցի այստեղ»,- ասաց Արաքսյա տատին: Չորս զավակներից չստացած սերն ու ջերմությունը Արաքսյա տատը գտել է ծերանոցում։ Այստեղ նրան սպասում էր բախտակից Հայկազ պապը։

«Ամառ էր, բեսեդկայում Հայկազն իր ընկերոջ հետ նստած էր, ես էլ առաջին հարկում էի ապրում, իրանց չէի ճանաչում: Նրա ընկերը՝ Ռաֆիկը, իմ համար մի քիչ վատ մարդ էր, ուրիշներին ասում էր, որ ես էդ կնոջ հետ պտի ամուսնանամ, բայց ես ստեղ չէի եկել ամուսնանալու նպատակով, ու ասում էի, որ այդ մասին խոսք լինել չի կարող»,- պատմում է Արաքսյա տատիկը:

Մի օր էլ միջանցքում աչքի նոր վիրահատություն տարած Հայկազ պապը տիկին Արաքսյային խնդրում է օգնել աչքին դեղ կաթացնել:

«2012թ. ամռանն աչքս վիրահատել էին, աչքիս պետք էր դեղ կաթացնել, միջանցքում տեսա Արաքսյային, մտածեցի՝ համեստ կին ա, ասի՝ քուրո ջան, մի բան խնդրեմ, կարելի՞ է գաս, աչքիս կաթացնես: Ինքն էլ չհրաժարվեց, տենց հա գնաց, եկավ, ծանոթացանք»,- պատմում է Հայկազ պապիկը, որն ինքն իրեն բնորոշում է որպես «ընգած հելած տղա», որն 1-ին կարգի վարորդ է եղել, երեք տղա եւ մեկ աղջիկ ունի:

Երբ նրանք ամուսնացան, տիկին Արաքսյան 76 տարեկան էր, իսկ Հայկազ պապիկը՝ 79:

«Շատ գոհ եմ ես իրանից, խելացի է, լսող, աշխատող, 4 տարի է այստեղ եմ, տենց տղամարդ չեմ տեսել, ինչ որ ինքն է»,- ասում է Արաքսյա տատիկը՝ նշելով, որ ուրախ է, որ հանդիպել է նրան եւ այժմ վերջապես զգում է, որ պաշտպան ունի: