Հակառակորդի նախաձեռնած դիվերսիոն գործողության հետեւանքով այսօր՝ մարտի 19-ին զոհված ժամկետային զինծառայող, Երեւանի բնակիչ, 20-ամյա Արշակ Հարությունյանը ընտանիքի ավագ որդին էր, մասնագիտությամբ՝ խոհարար, երեք ամսից պետք է զորացրվեր: Այս մասին այսօր՝ NEWS.am-ին պատմեցին զոհված զինծառայողի ընկերներն ու հարեւանները:

Արշակի մայրը՝ Ջավահիրը, բուժքույր է,  հայրը՝ Կարենը,  արհեստավոր, փոքր եղբայրը դպրոցական է։  Ընտանիքի մտերիմների խոսքով՝ Արշակի ծնողների մխիթարում է միայն այն, որ որդին հերոսի մահով է զոհվել, հայրենիքի համար։

 «Դուխով տղա էր, մի քանի ամիս առաջ օտպուսկ էր եկել, ասում էր՝  թուրք եմ խփել, դրա համար են թողել: Դրա համար  պատվոգիր և դրամական պարգևատրում էր ստացել: Շատ լավ, շփվող տղա էր, թաղում բոլորն էլ սիրում էին նրան: Ծնողները ու բոլորս էլ համարում ենք, որ իրենց տղան հայրենիքի համար է զոհվել և հերոս է»,- պատմեց ընտանիքի մտերիմ Արթուր Հարությունյանը:

Ծնողները ցանկանում են, որ Արշակին զինվորական կարգով հուղարկավորեն, սակայն աճյունը ոչ թե «Եռաբլուրում» ամփոփվի, այլ ընտանեկան գերեզմանում՝ պապի՝ Արշակ Գրիգորյանի կողքին, որը 1992թ.-ին նույնպես զոհվել է արցախյան  պատերազմի ժամանակ:

Արշակ Հարությունյանի մարմինը վաղը կտեղափոխվի Երևան: 

Նշենք, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով մարտի 19-ին ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար զինծառայողներ Հակոբ Խաչատրյանը, Էդուարդ Հայրապետյանը եւ Արշակ Հարությունյանը հետմահու պարգեւատրվել են «Արիության համար» մեդալով:

Հիշեցնենք, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում:

Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ վիրավորվել են: