News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 09
Տեսնել լրահոսը

Գլխավոր դատախազությունում այսօր՝ մայիսի 7-ին, քիչ առաջ ավարտվեց Գեւորգ Կոստանյանի եւ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հանդիպումը: Դատախազությունից րոպեներ առաջ դուրս եկած Նաիրա Զոհրաբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Գլխավոր դատախազի հետ զրուցել են Գոհար Ենոքյանի առողջական վիճակի մասին, ոչ հարցի իրավական կողմի մասին: «Խոսքը գնացել է այսօր՝ ժամը 17.00-ին, ձերբակալման 72 ժամը լրանալուն պես կալանքը որպես խափանման միջոց չընտրելուն: Գլխավոր դատախազը եւս մտահոգ է տիկին Ենոքյանի առողջական վիճակով, գրեթե վստահ եմ, որ տիկին Ենոքյանի հանդեպ խափանման միջոցը կալանք չի ընտրվի, 17.40-ից տիկին Ենոքյանը կլինի ազատության մեջ ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին խափանման միջոցով: Տիկին Ենոքյանը վստահեցնում է, որ ինքը պատրաստ է մասնակցել իրավական բոլոր գործընթացներին եւ ապացուցել իր անմեղությունը: Ես գնահատում եմ Գլխավոր դատախազի վերաբերմունքը այս հարցում, որ ընդառաջ գնաց 37 պատգամավորի միջնորդությանը՝ հաշվի առնելով նաեւ տիկին Ենոքյանի տարիքը եւ առողջական վիճակը: Համենայն դեպս, 17.40, երբ կավարտվի սահմանված ժամկետը, հուսամ՝ տիկին Ենոքյանը կլինի ազատության մեջ, եւ մենք կլինենք նրա կողքին»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 4-ին Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ, գործարար Գոհար Ենոքյանը։ Մեր տեղեկություններով՝ Գոհար Ենոքյանին ձերբակալել են տեւական ժամանակ քննվող մի գործի շրջանակներում, որը կապված է նախկին պատգամավորի եղբորորդու հետ: Գործում շոշափվում է նաեւ ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավորի՝ «Յուվեցի Կարոյի» անունը: Ըստ տեղեկությունների՝ Գոհար Ենոքյանը կասկածվում է «Յուվեցի Կարոյի» սպանությունը նախապատրաստելու մեջ:

Ըստ ՀՔԾ-ի՝ Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով նախաքննությունը շարունակելու համար ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործով 2015 թվականի մայիսի 4-ին սպանության նախապատրաստություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Գոհար Ենոքյանը:

Նշենք, որ Գոհար Ենոքյանը 1997-2007թթ. Եղել է «Գարուն» ԲԲԸ խորհրդի նախագահ եւ գործադիր տնօրեն, իսկ 2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ