Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործով 4 մեղադրյալների փաստաբաններին կանչել են ԱԱԾ՝ նոր փորձաքննությունների կատարմանն ուղղված գործողություններ անելու վերաբերյալ: NEWS.am-ի տեղեկություններով՝ դրանից հետո անհետացել է մեղադրյալներից Հենրիկ Ավագյանի հանրային պաշտպան Սյուզաննա Խչեյանի հեռախոսը:
Նա հայտնել է, որ հեռախոսով մտել է ԱԱԾ, բայց տարօրինակ հանգամանքներում դուրս է եկել առանց հեռախոսի: Այժմ պաշտպանի հետ հնարավոր չէ կապ հաստատել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, հուլիսի 3-ին, ձերբակալվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Ռոմիկի Աթաջանյանը, Հենրիկ Շահենի Ավագյանը եւ Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը եւ Արա Էմիլի Բուդաղյանը:





























