Գյումրիում սպանված Ավետիսյանների գործով դեռեւս թարգմանություններ են անում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը:

Նա նշեց, որ գործը ռուսական կողմից ՀՀ քննչական կոմիտեին հանձնելուց հետո դեռ փաստաբաններին չեն կանչել: Իրենց հայտնել են, որ դեռ գործի նյութերն են ռուսերենից թարգմանում հայերեն, որպեսզի տրամադրեն ծանոթանալու համար: Գործը բաղկացած է 9 հատորից, յուրաքանչյուր հատոր ունի մոտ 250 էջ: 

Թարգմանությունները ավարտելուց հետո դեռ ժամանակ պահանջվի, որպեսզի փաստաբանները ծանոթանան նյութերին, անհրաժեշտության դեպքում՝ միջնորդություններ անեն: Այնպես որ դեռեւս վաղ է խոսել Ավետիսյանների սպանության գործի դատավարության մեկնարկի մասին: Իսկ մինչ այդ Հայաստանում ռուսական կայազորային զինվորական դատարանը քննելու է դասալքության եւ զենք գողանալու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործը: Երեմ Սարգսյանն ասաց, որ այս գործի հետ իրենք որեւէ կապ չունեն, որպես կողմ ներգրավված չեն:

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր: Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Մինչեւ օրս հարազատների համար անհայտ են սպանության պատճառները: Նրանց համար կասկածելի է նաեւ սպանության մեջ մեղադրվող անձը, արդյոք նա միայնակ է գործել եւ ինչպես է կարողացել միայնակ սպանել ընտանիքի 7 անդամներին: Փետրվարի 3-ին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը բողոքի ակցիայի ճնշման ներքո միջնորդությամբ դիմել էր ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝  Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած դաժան սպանության դեպքով հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահներին փոխանցելու խնդրով: Գործը արդեն փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեին: