Հանրապետական ծննդատանը կնոջը կրակած, այնուհետեւ ինքնասպան եղած տղամարդու գործով մի շարք մանրամասներ են հայտնի դարձել: NEWS.am-ի տեղեկություններով՝  կատարվող քննության շրջանակներում հարցաքննվել են վերարտադրողական առողջության, պերիտանալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ մի շարք աշխատակիցներ, մահացած տղամարդու մայրը եւ ընկերները: Հարցաքննվել է նաեւ հրազենային վնասվածք ստացած ծննդկանի մայրը: Նա պատմել է, որ աղջկա եւ Հ.Վարդանյանի միջեւ վիճելի հարաբերություններ չեն եղել, դեպքի օրը առավոտյան Հ.Վարդանյանը գնացել է հիվանդասենյակ, որոշ ժամանակ անց իրեն խնդրել է, որ խանութից  բուլկի բերի: Դուրս է եկել հիվանդասենյակից, մոտ 10 րոպեների ընթացքում հիվանդանոցին հարակից խանութից բուլկի է գնել եւ վերադարձել ծննդատուն: 4-րդ հարկում գտնվող թիվ 407 պալատին մոտենալով՝ նկատել է, որ բժիշկներ կան հավաքված, որոնցից էլ տեղեկացել է դեպքի մասին:

Հրազենային վնասվածք ստացած կինը բարդ վիրահատության է ենթարկվել, նրա գիտակցությունըսկսել է աստիճանաբար վերականգնվել, բուժող բժիշկը նշել է, որ նա գտնվում է հետվիրահատական կայուն ծանր վիճակում, եւ ի վիճակի չէ ցուցմունք տալ: Նախաքննության ընթացքում միջնորդություն է ներկայացվել դատարան Հայկ Վարդանյանի եւ Միլենա Ասատրյանի բջջային հեռախոսահամարների վերծանումները ստանալու նպատակով: Միջնորդությունը բավարարվել է: Արդեն ստացվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ նորածնի հարը հենց Հայկ Վարդանյանն է: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ի դեպ, թե դեպքի վայրի զննությամբ, թե մահացած տղամարդու մոտ եւ թե նրա բնակության վայրում հայտնաբերվել է մոտ 20 փամփուշտ եւ 2 ատրճանակ:

Նշենք, որ ենթադրվում է, որ քրեական գործը կկարճվի, քանի որ ծննդկանին կրակած տղամարդը մահացել է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում հունիսի 30-ին 33-ամյա Հայկ Վ.-ն կրակել ժամեր առաջ կեսարյան հատմամբ ծննդաբերած կնոջ՝ 27-ամյա Միլենա Ա.- ի, ապա ինքնասպան եղել: Ամուսինը տեղում մահացել էր, կնոջը վիրահատել էին: Մեկ ամիս անց նա դուրս է գրվել հիվանդանոցից: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: ՔՕ-ի 104 հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: