Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը վթարված՝ Մոսկվա-Երեւան ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանը ձերբակալվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՌԴ-ում ՀՀ դեսպանության ՏԿԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը:
Նա հայտնեց, որ ի սկզբանե ոստիկանություն են հրավիրվել երկու վարորդները՝ Բագրատ Հովակիմյանը եւ Գառնիկ Հարությունյանը: Երբ պարզվել է, որ ղեկին եղել է Գառնիկ Հարությունյանը, Հովակիմյանին ազատ են արձակել:
«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, սակայն Գառնիկ Հարությունյանին մեղադրանք չեն առաջադրել»,- ասաց նա:
Նշենք, որ Գառնիկ Հարությունյանը Կոտայքի մարզի Արամուս գյուղից է: Նրա հարազատները չեն հավատում վարկածին, թե ղեկին քնել է Հարությունյանը:
Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 3-ին, ժամը 02:10-ին, Տուլայի մարզի Ուզլովյան շրջանի Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կիլոմետրում Մոսկվայից Երեւան ուղեւորվող «Higer» ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ավտոբուսում 59 ուղեւոր է եղել, որոնցից 8-ը, վերջին տվյալով, զոհվել է: Բոլոր տուժածներին տեղափոխել են Ուզլովայա, Կիրեեւսկ եւ Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ։ Ներկայումս ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չի բացառվում այն վարկածը, թե վարորդը քնել է ղեկին:





























