Էջմիածինի Զվարթնոց թաղամասում` համանուն հյուրանոցային համալիրի մոտակայքում դեկտեմբերի 4-ի երեկոյան թեժ ծեծկռտուք է տեղի ունեցել նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական, Ճոյտ մականունով Հակոբ Հակոբյանի մասնակցությամբ: Ականատեսները NEWS.am-ին պատմել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Հակոբ Հակոբյանի եւ գազի գրասենյակի աշխատակիցների միջեւ: Վիճաբանությունն այնքան է թեժացել, որ կողմերը անցել են փայտերով մարտի: Միմյանց հարվածներ են հասցրել, որից հետո նստել են իրենց ամենագնացներն ու փորձել հարվածել միմյանց արդեն մեքենաներով: Մարմնական վնասվածքներ են ստացել ինչպես Հակոբ Հակոբյանը, այնպես էլ իր հակառակորդները: Հակոբյանի վնասվածքները թեթեւ են: Երկու անձի տեղափոխել են հիվանդանոց։
Այս միջադեպի վերաբերյալ փորձեցինք մանրամասներ ճշտել Հակոբ Հակոբյանից: Վերջինս մեզ հետ զրույցում նախ փորձեց հերքել, որ նման բան է եղել, սակայն մեր պնդումներին տեղի տալով` «հիշեց», որ երեկ տվյալ վայրում կինո են նկարել: «Եղել եմ տարածքում, բայց նման բան տեղի չի ունեցել, առաջին անգամ եմ լսում»,-հերքեց Հակոբյանը` հանկարծ հիշելով. «Հլը մի րոպե, կարող ա էն կինո նկարողներն էին, վա~յ կինո էին նկարում, մի րոպե, մի րոպե, մեր օբյեկտի մոտ ֆիլմ էին նկարում, ջիպեր-միպեր քաշքշում էին, սենց բաներ եղել ա»: Հարցին, թե ովքեր էին նկարում, Հակոբյանը պարզաբանեց, թե իրեն պատկանող «Զվարթնոց» հյուրանոցային համալիրի տարածքը հաճախ են տրամադրում նկարահանող խմբերին: «Ես չեմ իմանում` ովքեր էին, էդ հարցերով չեմ զբաղվում, ասեցին` ֆիլմ են ուզում նկարեն, ես էլ ասեցի` թող նկարեն, մենք ոչ մեկին չենք ասում` չէ»,-վստահեցրեց Հակոբ Հակոբյանը` ընդգծելով, որ ֆիլմ նկարողն էլ ինքը չի եղել:
Այն որ Հակոբ Հակոբյանի մասնակցությամբ «ջիփերով քաքշոցին» ոչ թե մարտաֆիլմի սցենար է եղել, այլ իրական միջադեպ, ճշմարտություն է: Իսկ եթե այդ միջադեպերը ֆիլմեր են համարվում, ապա ինչպես պատմեց Հակոբ Հակոբյանը, դրանք հաճախ են լինում: Ի դեպ, տվյալ տարածքում «մարտաֆիլմերի» հաճախակի նկարահանումների մասին շեշտել էր նաեւ մեր էջմիածինցի զրուցակիցը:



























