ՀՀ վաստակավոր արտիստի կոչում ստացած «Արմենչիկը», թե որ զորամասում եւ երբ է ինչ-որ օգնություն տրամադրել զինվորներին, հայտնի չէ : Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին,  NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ մանրամասները պարզելու համար ուսումնասիրություններ են սկսվելու:

«Թե երբ եւ որտեղ է կատարվել, տեղյակ չենք, հնարավոր է նաեւ, որ հին տեսանյութ լինի: Մանրամասները պարզելու համար ուսումնասիրություններ են կատարվելու»,-ասաց նա:

Նշենք, որ համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ Արմենչիկը զորամասերից մեկում շարք կանգնած զինվորներին պոլիէթիլենային տոպրակներով ինչ-որ բան է բաժանում, իսկ զինվորները հերթով գալիս ու վերցնում են: Տեսանյութում երեւում է՝ ինչպես է Արմենչիկը ժամանակ առ ժամանակ նայում տեսախցիկին: Տեսանյութը խիստ քննադատության է արժանացել հասարակության շրջանում՝ զինվորին նսեմացնելու համար: