News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայ ազգային կոնգրեսը որոշեց շուրջօրյա հանրահավաքների շարք սկսել Ազատության հրապարակում:

ՀԱԿ-ի հանրահավաքում իր ելույթում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հավաքվածներին առաջարկեց ընտրություն կատարել նստացույցի կամ շուրջօրյա հանրահավաքների միջեւ: Նա նաեւ առաջարկեց բարձրաձայն  վանկարկումներով ընտրել, թե բողոքի գործողության որ միջոցն են նախընտրում հանրահավաքի մասնակիցները:

Նա հարթակ հրավիրեց Կոնգրեսի եւ քաղաքական խորհրդի բոլոր անդամներին` վերջնական որոշում կայացնելու համար:
Մի քանի րոպե խորհրդակցելուց հետո Տեր-Պետրոսյանը հայտնեց, որ կոնսենսուսի միջոցով որոշում է կայացվել ընդառաջել ինքնաբուխ միջոցառում անցացնելու ժողովրդի ցանկությանը եւ ազդարարում շուրջօրյա հանրահավաքների մեկնարկը:

«Որոշումը պարզ է, կայացված է, բայց դրա հետ մեկտեղ մենք ձեզ հետ մեկտեղ պետք է պայմանավորվենք պայմանների շուրջ: Կոնգրեսի անունից սա եւս քննարկվեց, եւ առաջարկում եմ շուրջօրյա հանրահավաքների ժամկետը սահմանել մեկ շաբաթ: Եւ իշխանությունների առջեւի դնել նույն պահանջները, ինչ դրվել են նախորդ հանրահավաքում` մինչեւ տարեվերջ անցկացնել արտահերթ ընտրություններ, ԸՕ-ում կատարել փոփոխություններ` ներառելով մեր պահանջները, առաջիկա երեք ամիսների ընթացքում բացահայտել մարտի 1-ի սպանությունները եւ քրեական պատասխանատվության ենթարկել մեղավորներին, ազատել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին, վերացնել Երեւանում փողոցային առեւտրի վրա դրված անօրինական արգելքը, դադարեցնել մայրաքաղաքի ճարտարապետական նկարագրի աղավաղումը, օրենքով արգելել բարձրաստիճան պաշտոնյաների կողմից մամուլի միջոցների դեմ դատական հետապնդումների պրակտիկան»,- ասաց Տեր-Պետրոսյանը:

Նա նաեւ հավելեց, որ իրենք մաքսիմալիստ չեն եւ երբեք էլ չեն եղել: «Պատրաստ ենք առաջին երկու պահանջների շուրջ իշխանությունների ցանկացած փոխզիջման: Մեզ դիմել է Տիգրան Առաքելյանը, որ իր բանտարկությունը խոչընդոտ չդիտվի երկխոսության համար, ուստի պատրաստ ենք հանրահավաքներին զուգահեռ վերսկսել երկխոսությունը իշխանության պատվիրակության հետ»,- նշեց առաջին նախագահը եւ հավելեց, որ եթե շոշափելի արդյունքների չհասնեն, մեկ շաբաթ անց կորոշեն` շարունակել, թե դադարեցնել շուրջօրյա հանրահավաքները:

Ի դեպ, Լեւոն Տեր-Պետրոսյանը տեղեկացրեց, որ երկրի նախագահի աշխատակազմի հետ ուղղակի կապ պահպանելու համար լիազորել են ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի անդամ, «Հայաստան» հիմնադրամի նախկին ղեկավար Մանուշակ Պետրոսյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ