Աբովյանի ծննդատանը փետրվարի 25-ին ծննդաբերության ժամանակ 25-ամյա Ֆլորա Աբգարյանի եւ նրա երեխայի մահվան փորձաքննության պատասխանները պատրաստ են: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանությունից: Պարզվում է, որ մոր եւ նորածնի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության արդյունքում:
Գործի հետ կապված մնացած հանգամանքները պարզելու համար նշանակվել է կրկնակի փորձաքննություն, որով թերեւս կպարզվի, թե ով կամ ինչն էր մեղավոր:
Ինչ վերաբերում է առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հրամանով դեպքի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին, ապա նախարարությունից NEWS.am-ին հայտնեցին, որ քանի որ գործը գտնվում է քննչական վարույթում, ըստ գործող օրենսդրության` իրենց չեն տալիս դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը,հետեւաբար` իրենք չունենք վերջնական եզրակացությունը, «Մեր հանձնաժողովը սկսել էր ուսումնասիրությունը, բայց դա չի կարող այն ավարտել համապատասխան նյութեր չունենալու պատճառով»,- հայտնեցին նախարարությունից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ֆլորա Աբգարյանը գտնվում էր նախածննդյան հսկողության ներքո, պետք է վիրահատվեր փետրվարի 27-ին, սակայն փետրվարի 25-ի առավոտյան կնոջ մոտ ցավեր են սկսվել եւ ժամը 11.40-ի սահմաններում դիմել է ծննդատուն: Կարճ ժամանակահատվածում արվել են անհրաժեշտ հետազոտությունները, որովհետեւ հիմնական հետազոտություններն արվել էին նախածննդյան հսկողության ժամանակ «Աբովյանի ծննդատուն» ՓԲԸ-ի տնօրեն Լարիսա Մադոյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում պատմել էր, որ վիրահատությունն սկսելուց 10-12 րոպե հետո նարկոզային շրջանում նրա մոտ առաջացել է դժվար կառավարվող վիճակ, սրտի կանգ եւ բրոնխո սպազմ:
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հրամանով դեպքի ուսումնասիրման նպատակով հանձնաժողով է ստեղծվել եւ հանձնախումբը` առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանի գլխավորությամբ տեղում ուսումնասիրություններ է իրականացրել կազմակերպչական խնդիրներ եւ այլհանգամանքներ պարզելու համար:




























