ՌԵԳՆՈՒՄ գործակալության երեւանյան բյուրոյի խմբագիր Ռուբեն Գրձելյանին դաժան ծեծի ենթարկելու միջադեպի հետ կապված Հայաստանի գլխավոր դատախազությունից նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

Նրա փոխանցմամբ` երբ ՀՔԾ-ն ստանա այդ նյութերը, ուսումնասիրի, իր որոշման մասին հավելյալ կհայտնի:

«Դատախազության կողմից հանձնարարվել է սեղմ ժամկետում ապահովել բազմակողմանի ստուգում, բոլոր հանգամանքների պարզում եւ մասնակից բոլոր անձանց գործողություններին տրվի համարժեք քրեաիրավական գնահատական»,- ասաց Սոնա Տռուզյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՌԵԳՆՈՒՄ գործակալության երեւանյան բյուրոյի խմբագիր Ռուբեն Գրձելյանին դաժան ծեծի են ենթարկել: Գործակալության տվյալներով, հարձակումն իրականացվել է մի խումբ անձանց կողմից, որոնց մեջ, ինչպես հաջողվել է պարզել ավելի ուշ, եղել է Կոտայքի մարզի քննության օրինականությունը վերահսկող դատախազ Մ. Մանրիկյանը: Միջադեպը տեղի է ունեցել տուժածի մոր, երկու անչափահաս երեխաների, ազգականի եւ 9 ամսական հղի կնոջ ներկայությամբ:

Ըստ գործակալության, ընդհարման համար պատճառ է դարձել այն, որ երեխաները խանգարել են բակից դուրս եկող մեքենայի ընթացքին, որում, ենթադրաբար, եղել է Մանրիկյանի որդին: Մանրիկյան-ավագի հետ լեզվակռիվն ավարտվել է նրանով, որ վերջինս հարվածել է Գրձելյանին: Պատասխան ստանալով` Մանրիկյանն ու նրան ուղեկցող անձը հարձակվել են լրագրողի վրա, ապա նրանց են միացել  Մանրիկյանի որդին ու եւս մեկ անձ: Չորս հարձակվողներն սկսել են խփել Գրձելյանին, ով արդեն գտնվել է գետնին:

Դեպքից հետո Ռուբեն Գրձելյանը հաղորդում է ներկայացրել Ոստիկանության Էրեբունու բաժին, բուժզննում անցել, որի արդյունքում նրա մոտ բազմաթիվ վնասվածքներ են հայտնաբերվել: Դիմումը ներկայացնելու պահին լրագրողը չի իմացել, որ իրեն ծեծողների մեջ եղել է բարձրաստիճան պաշտոնյա: Դա պարզվել է առավոտյան ականատեսների խոսքից եւ գործընկերների անցկացրած լրագրողական հետաքննության արդյունքում: