News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԼՂՀ ԱԺ պատգամավոր, ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը մեկնաբանել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի հունիսի 7-ի հայտարարությունը, որտեղ ՀՅԴ-ն բարձրաձայնում է, որ ԼՂՀ-ում  նախագահական ընտրություններում իրենք սատարում են Բակո Սահակյանին:

Վիտալի Բալասանյանի պատասխան հայտարարությունում ասվում է.

«Ես սկսել եմ համագործակցել ՀՅԴ հետ 2005թ., երբ «ՀՅԴ-Շարժում-88» դաշինքի կազմում մասնակցել եմ խորհրդարանական ընտրությունների եւ հանդիսացել եմ խորհրդարանական համանուն խմբի անդամ: 2010թ. առ այսօր հանդիսանում եմ «Դաշնակցություն» խմբակցության անդամ: Իմ գործունեության ժամանակշրջանում գործել եմ ըստ խմբակցության կանոնակարգի եւ նպաստել են կյանքի եմ կոչել նշված կուսակցությունների ծրագրերը: Մինչ այսօր ունեցել ենք բնականոն փոխհարաբերություններ, ես միշտ զգացել եմ Դաշնակցության անդամների եւ համակիրների հարգանքն իմ նկատմամբ:

Լինելով անկուսակցական, բայց խմբակցության անդամ` ես իմ բարոյական պարտքն եմ համարել նախագահական ընտրություններում առաջդրվելու մտադրության մասին տեղեկացնել խմբակցության ղեկավարին եւ անդամներին: Ինքնառաջադրումից հետո ՀՅԴ Արցախի ԿԿ անդամների եւ ներկայացուցչի հրավերով հանդիպել եմ իրենց հետ, եղել են տարբեր հարցադրումներ, դրանից հետո ԿԿ ժամանակ է խնդրել` ինձ պաշտպանելու հարցը օրակարգ մտցնելու եւ քննարկելու համար: Որոշ ժամանակ անց ԿԿ կողմից հրավիրվել եմ գրասենյակ եւ ինձ տեղյակ են պահել, որ կա կայացրած որոշում` չսատարել որեւէ թեկնածուի եւ կուսակցության անդամներին կոչ են անել ազատ ընտրության:

ԿԿ վերջին որոշման մասին տեղեկացել եմ լրատվամիջոցներից, ԿԿ այս քայլը համարում եմ ոչ կոռեկտ: Վստահ եմ, որ այս որոշումը չի արտացոլում Դաշնակցության անդամների մոտեցումները եւ ընդունվել է ԿԿ մի խումբ անդամների եւ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ազդեցության տակ: Գտնում եմ, որ ընդունված որոշումը ոչինչ չունի Դաշնակցության գաղափարախոսության եւ դավանած արժեքների հետ եւ Դաշնակցության անդամների եւ համակիրների մեծամասնությունը չի կիսում այս որոշումը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ