News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Նիդերլանդներում դեկտեմբերի 1-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2012»-ում Հայաստանը ներկայացնող մասնակցի անունը հայտնի կլինի մինչեւ հոկտեմբերի 15-ը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

Իսկ թե քանի փուլով կկայանա ընտրությունը եւ ինչպես, ապա, նրա խոսքով, դա կախված է, թե քանի հոգի հայտ կներկայացնի, ինչպիսի երգեր կլինեն եւ այլն: «Հավանաբար կլինի անցյալ տարվա սկզբունքով, թեեւ դա կախված է նրանից, թե ովքեր եւ ինչքան լավ երգեր կհավաքվեն: Եթե բավարար  քանակով լավ երգեր հավաքվեն, ապա կլինի երկրորդ փուլ: Ամեն ինչ կախված է հայտերից»,- ասաց Գոհար Գասպարյանը:

Ի դեպ, նախորդ տարի «Մանկական Եվրատեսիլի»  հայասատանյան ընտրությունը կայանում էր երկու փուլով` առաջին փուլ, երբ ժյուրին ընտրում էր լավագույններին, եւ երկրորդ փուլ, երբ 50/50 սկզբունքով` ժյուրին եւ հեռուստադիտողները` քվեարկությամբ: ««Մանկական Եվրատեսիլում» պարտադիր է, որ անցկացվի նախընտրական փուլ, որ ժողովուրդը կարողանա ընտրություն անել»,- նշեց Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավարը:

Ինչ վերաբերում է լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, թե «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելու ցանկություն ունի նաեւ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստրը`  Անգելինա Գասպարյանը, ապա Գոհար Գասպարյանը նշեց, որ  դեռ հայտերի հավաքման ընթացքն է, երբ այն ավարտվի, այդ ժամանակ կասեն հայտատուների անունները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ-2012»-ին մասնակցելու համար հայտերի ընդունումը: Բոլոր ցանկացողները հայաստանյան նախընտրական փուլին մասնակցելու համար կարող են դիմել մինչեւ օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում:

Նշենք, որ  Հայաստանում կայացած «Մանկական Եվրատեսիլ-2011»-ի հաղթող էր ճանաչվել Վրաստանից Candy խումբը, որի երգչուհիներից մեկն էլ հայուհի է` Աննա Խանչալյան: Իսկ «Մանկական Եվրատեսիլ-2012»-ը կկայանա  դեկտեմբերի 1-ին Նիդերլանդներում, քանի որ մրցույթն անցկացնելու հայտը շահել է այդ երկիրը

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի երգչուհի դստեր` Անգելինա Գասպարյանի պրոդյուսեր Արմեն Գեւորգյանը հաստատել է, որ մտածում են հայտ ներկայացնել, որպեսզի Անգելինան մասնակցի մանկական «Եվրատեսիլ-2012»-ին:  «Աղջկա 10 տարին արդեն լրացել է, եւ մրցույթի կանոններով նա իրավունք ունի մասնակցելու «Եվրատեսիլ»-ին: Ի դեպ, Վովա Գասպարյանը հենց ոստիկանապետ նշանակվեց, նրա առաջին գործերից մեկը դստեր պրոդյուսերին ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնի ղեկավար նշանակելը եղավ»,-գրել էր թերթերից մեկը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ