Աբովյանի ծննդատանը փետրվարի 25-ին ծննդաբերության ժամանակ 25-ամյա Ֆլորա Աբգարյանի եւ նրա երեխայի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործը սեպտեմբերի 25-ին ուղարկվել է դատարան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանությունից:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ գործը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ստացել է սեպտեմբերի 28-ին, առայժմ դատական նիստ չի նշանակվել: Ըստ մեղադրական եզրակացության`Վլադիմիր Մյագկովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Աբովյան ծննդատուն» ՊՓԲԸ- բժիշկ անեսթեզիոլոգ ռեանիմատոլոգ փետրվարի 25-ին «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ում հղի Ֆլորա Աբգարյանին «կեսարյան» վիրահատության նախապատրաստման ընթացքում ցուցուբերած բուժօգնության ժամանակ, նրա կողմից սխալ է գնահատվել դժվար ինտուբացիայի պոտենցիալ հնարավորությունը: Դա ունեցել է դժբախտ հետեւանք, շնչափողի ինտուբացիայի չհաջողված երեք անգամյա փորձերը հանգեցրել են ծանրագույն հիպոքսիկ բարդությունների եւ սուր պրոգրեսիվող սիրտ- անոթային ու շնչական անբավարարության զարգացմանը: Մինչդեռ բժիշկը պետք է ինտուբացիայի երկրորդ չհաջողված փորձից հետո դադարեցներ հետագա փորձերը, «շնչացներ» հիվանդին մինչեւ ինքնուրյուն շնչառության վերականգումը եւ սպասեր այլ մասնագետի օգնությանը: Բայց ինտուբացիոն փորձերի հետեւանքով Ֆ.Աբգարյանին պատճառված լեզվարմատի եւ վերին շնչական ուղիների տրավմատիկ վնասվածքները խորացրել են արդեն զարգացած շնչական եւ սիրտ-անոթային խանգարումները, սուր շնչական անբավարարությունը` հղիի մոտ առաջացնելով մեխանիկական շնչահեղձություն, ինչը պատճառ է հանդիսացել հղիի եւ պտղի մահվանը:
Նշենք, որ բժիշկ- անեսթեզիոլոգ Վլադիմիր Մյագկովը ձերբակալվել, իսկ հուլիսի 13-ին կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարել: Եւ եթե այն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում` պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա: Վլադիմիր Մյագկովը նախկինում դատված չի եղել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ֆլորա Աբգարյանը գտնվում էր նախածննդյան հսկողության ներքո, պետք է վիրահատվեր փետրվարի 27-ին, սակայն փետրվարի 25-ի առավոտյան կնոջ մոտ ցավեր են սկսվել եւ ժամը 11.40-ի սահմաններում դիմել է ծննդատուն: Կարճ ժամանակահատվածում արվել են անհրաժեշտ հետազոտությունները, որովհետեւ հիմնական հետազոտություններն արվել էին նախածննդյան հսկողության ժամանակ «Աբովյանի ծննդատուն» ՓԲԸ-ի տնօրեն Լարիսա Մադոյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում պատմել էր, որ վիրահատությունն սկսելուց 10-12 րոպե հետո նարկոզային շրջանում նրա մոտ առաջացել է դժվար կառավարվող վիճակ, սրտի կանգ եւ բրոնխո սպազմ:





























