Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում սպային ծեծել են ամբողջ վաշտով, ոչ թե միայն կալանավորված 4 զինծառայողները, բայց այդպես ծեծ չի եղել, ընդամենը քաշքշուկ է եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կալանավորված զինծառայողներից մեկի ծնողը` Գայանե Սիմոնյանը` շեշտելով, թե  «հնարավո՞ր է, որ ամբողջ վաշտը վատը լինի, ինքը լավը դուրս գա»:

Նա նոր մանրամասներ պատմեց տեղի ունեցած միջադեպից: Մոր խոսքով` սպան երեկոյան, փոխարեն անվանականչ անելիս կանգնեցրել է բոլոր զինվորներին` ասելով, թե լսել է իր մասին «սխալ խոսակցություններ են տարածել»:: «Ով էր իմ հետեւից խոսա... ու դնում է ինչ հայհոյանք կա, ասում է զինվորներին. մորերից բռնցնում է, քույր ու եղբայրներով դուրս է գալիս: Նման հայհոյանքը լսելուց հետո ով էլ լիներ երեւի ավտոմատը վերցներ, գյուլեր: Քաշքշուկ է եղել, սպան չի էլ տուժել: Բա իմ տղան ավագ սերժանտ է, դեկտեմբերին պետք է զորացրվեր, տուն գար, 1 տարի 10 ամիս ծառայել է, պոստ պահել, որ դու էսօր թազա եկած սպա դնես հայհոյես զինվորին, էն էլ մայր հայհոյես` սրբությանը: Իմ տղան իր սրբությունն է պաշտպանել, եթե մի սպա չի հարգում մորը, ո՞նց կարող ենք այդ սպային վստահել մի ամբողջ պետություն, հող ու ջուր, սահման»,- ասաց նա:

Գայանե Սիմոնյանը նշեց, որ դեպքից հետո ընդամենը 10 րոպեով են տեսել իրենց զավակներին, եւ առհասարակ տեղյակ չեն գործի քննությունից, նրանց ոչինչ չեն ասել: «Ես հիանում եմ իմ երեխայով, որ նման որդի ունեմ, սահման է պահում, բոլոր զինվորներին թեեւ ու թիկունք է եղել: Բոլոր զինվորների մայրերին է պաշտպանել, ոչ միայն իր մորը: Ես երեխա եմ ուղարկել` մեր հող ու ջուրը պաշտպանելու համար, ոչ թե որ գնա կալանավորվի, բերդում նստի»,- ասաց նա:  Մայրը նշեց, որ իրենց երեխաները հանցագործ չեն եւ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրեց գործի քննության վրա:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում մի խումբ զինծառայողներ ծեծել էին սպային: Ըստ տեղելությունների`վիճաբանությունը սկսվել է նրանից, որ զինծառայողները սպայի հասցեին ինչ-որ բան են խոսել, վերջինս լսել է այդ մասին եւ սեռական բնույթի հայհոյանքներ տվել: Դրանից հետո զինծառայողները ծեծել են նրան: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, 4 զինծառայող կալանավորվել է, սակայն նրանց թիվը առաջիկայում կհամալրվի:ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, թե դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 358-րդ հոդվածի հատկանիշներով (Պետի նկատմամբ բռնի գործողությունները կատարելը), կատարվում է նախաքննություն: