Հայ ազգային կոնգրեսը նախագահի թեկնածուների պակաս չունի, սակայն թեկնածուն Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, հավելելով, որ ՀԱԿ-ն ամեն ինչ անում է նրա առաջադրման համար:

Մանուկյանի փոխանցմամբ, Լեւոն Տեր-Պետրոսյանը հենց այն հզոր թեկնածուն է, ով կարող է համախմբել քաղաքական ուժերին եւ լուծել երկրի առջեւ կանգնած խնդիրները: «Դրա համար պետք է նրա համաձայնությունը, հետո բանակցությունների ճանապարհով կարելի է հասնել համախմբման»,-ասաց ՀՀԾ վարչության նախագահը:

Հարցին, թե իրադարձությունների հատկապես ինչ զարգացման է սպասում ՀԱԿ-ը՝ չառաջադրելով իր թեկնածուին, Մանուկյանը պատասխանեց. «Քաղաքական ուժերը պետք է վերլուծեն քաղաքական իրավիճակը, որից հետո առաջադրեն իրենց թեկնածուներին: Ավելորդ շտապողականությունը տեղին չէ: Տեսեք, թե ով է հապշտապ հայտարարել թեկնածու առաջադրելու մասին. Ամենաթույլերը: Էպոսագետը, հոգեւորականության կիսագրագետ ներկայացուցիչը եւ եւս մեկը, որին դուք չգիտեք: 3-4 թեկնածուներ, իրենց թուլությանը համապատասխան»:

 

Լուսանկարն՝ Արմեն Սարգսյանի /NEWS.am