Հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանի բարեկամուհի, 17-ամյա Մարիամ Արշակյանի` ֆիզկուլտուրայի դասին ձախ ազդրի կոտրվածք ստանալու եւ հիվանդանոցում մահանալու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալը ֆիզկուլտուրայի ուսուցիչ Նորայր Ստեփանյանն է: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Դատական դեպարտամենտի տեղեկատվական համակարգից, այս գործը ուղարկվել է դատարան, արդեն վարույթ է ընդունվել, սակայն առաջին դատական նիստի օր դեռ նշանակված չէ: Այն քննվելու է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Հրայր Սարգսյանի նախագահությամբ:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը:
Նորայր Ստեփանյանը մեղադրվում է կաշառք ստանալու, փաստաթղթի կեղծման, սուտ ցուցմունք տալու դրդչության եւ անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ: Ըստ մեղադրական եզրակացության` նա, աշխատելով Կոտայքի մարզի Արամուս գյուղի «Վլադիկ Առաքելյանի» անվան միջնակարգ դպրոց ում`որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ եւ պարբերաբար ընդգրկված լինելով «Ֆիզկուլտուրա» առարկայի քննությունների ընդունման հանձնաժողովի կազմում, 2011-2012 ուստարում աշակերտուհի Մարիամ Արշակյանին «ֆիզկուլտուրա» առարկայի դասաժամերից ազատելու, քննության ժամանակ վերջինիս դրական գնահատական արձանագրելուն նպաստելու համար աշակերտուհու հորից վերցրել է կաշառք` 30.000 ՀՀ դրամ գումար: Կաշառքի դիմաց նա դասամատյանում չի հաշվառել աշակերտուհու բացակայությունների մեծ մասը, նշանակել է բարձր գնահատականներ, իսկ «ֆիզկուլտուրայից» քննության ժամանակ նպաստել է վերջինիս դրական գնահատական ստանալուն: Մինչ ավարտական քննություն հանձնելը ֆիզիկական գերբեռնվածություն չառաջացնելու համար նախավարժանքը կատարելու առաջադրանք չտալու հետեւանքով վազք 30 մետր բարձր մեկնարկից վարժությունն ավարտելիս օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակների կտրուկ անկման պատճառով առաջացած հավասարակշռության կորստի հետեւանքով Մարիամ Արշակյանը վայր է ընկել եւ վերջինիս առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր վնաս:
Այնուհետեւ աշակերտուհու հոգեհանգստի օրը, տեղեկանալով, որ վերջինիս համադասարանցիները հրավիրվել են որպես վկա հարցաքննության եւ օգտվելով այն հանգամանքից, որ նրանք դեռեւս հանդիսանում են իրենց դպրոցի սաները, գտնվում են ավարտական պետական քննությունների հանձնման փուլում, համոզելու եղանակով Մարիամ Արշակյանի դասընկերներին դրդել է տալ սուտ ցուցմունք, իբրեւ Մարիամ Արշակյանի կողմից ֆիզկուլտուրա առարկայի ավարտական քննության «վազք 30 մետր բարձր մեկնարկից» վարժությունը կատարելիս վայր ընկնելուց հետո քննությունը դադարեցվել է, չեն թույլատրել նրան մինչեւ շտապ օգնության գալը տեղաշարժել, տնօրենը զանգահարել է շտապ օգնություն, հետաքրքրվել է Մարիամ Արշակյանի որպիսությամբ: Համադասարանցիներից երկուսը ամեն դեպքում տվել են սուտ ցուցմունքներ, մնացած 4-ը` ոչ:
Այսպես, Նորայր Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 4 հոդվածներով` 120-րդ հոդվածի 1-ին (անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառել), 311-րդ հոդվածի 1-ին (Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը), 325-րդ հոդվածի 1-ին (Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը) եւ 38-338-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սուտ ցուցմունք տալը):
Այս դեպքի հետ կապված Կոտայքի մարզի քննչական բաժնում կա առանձնացված մեկ այլ քրեական գործ եւս` քրօրի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: (բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը): NEWS.am-ի թղթակցին ոստիկանությունից հայտնեցին, որ այս հատվածով գործի նախաքննությունը դեռեւս շարունակվում է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 17-ամյա Մարիամ Արշակյանի Ֆիզկուլտուրայի դասին ստացած ձախ ազդրի կոտրվածքի պատճառով մայիսի 18-ին ժամը 14.00-ի սահմաններում տեղափոխվել է «Աբովյան» բ/կ եւ երկու օր անց մահացել: «Հստակ չենք կարող ասել, թե պատճառը որն է, կլինիկորեն ճարպային էմբոլիան է, ոսկրածուծի կոտրվածքից ճարպն անցնում է արյան մեջ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Աբովյան» բ/կ-ի ղեկավար Արթուր Պետրոսյանը: Նրա փոխանցմամբ` մայիսի 20-ին առավոտյան 6-ի սահմաններում ի հայտ է եկել ճարպային էմբոլիան, վիճակը ծանր է եղել, ռեամոբիլով Երեւան տեղափոխել չի հաջողվել: Արթուր Պետրոսյանը նշել է, որ դա հազվադեպ հանդիպող դեպք է, շատ ծանր բարդություն եւ այստեղ չէր օգնի նաեւ նրան ավելի վաղ բ/կ տեղափոխելը:
Նշենք, որ Մարիամ Արշակյանը Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ է եւ բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն գյուղի միջնակարգ դպրոցից:





























