Միավորված ազգերի կազմակերպության Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) յուրաքանչյուր ամիս հրապարակում է պարենային ապրանքների գների փոփոխության ինդեքս: Հինգ ապրանքային խմբերում (55 ապրանքատեսակներ) տրվում են գների փոփոխությունները ամսական կտրվածքով: Այդ հրապարակումը հաշվի է առնվում նաեւ ՀՀ կենտրոնական բանկի կողմից` որպես վերաֆինանսավորման տոկոսադրույքի մեծության վրա ազդող գործոններից մեկը:

Սակայն խնդիրն այն է, որ ՀՀ ԿԲ նոյեմբեր ամսվա վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունում եւ FAO-ի կողմից նոյեմբերի 8-ին հրապարակված զեկույցում (FAO-ի հոկտեմբերի ինդեքսի մասին) առկա են հակասություններ: Ընդ որում` հակասություններն այնպիսին են, որ միայն տեխնիկական վրիպակով բացատրել հնարավոր չէ:

ԿԲ արձանագրությունում նշվել է, որ կենդանական եւ բուսական յուղի գներն աճել են, իրականում, ըստ FAO-ի զեկույցի, դրանք նվազել են: Այնուհետեւ` ԿԲ արձանագրությունում նշված է, որ միջազգային շուկայում ցորենի գները հոկտեմբերին աճել են, այնինչ FAO-ի զեկույցի համաձայն` ցորենն ու եգիպտացորենը հոկտեմբերին էժանացել են: Այնուհետ` ԿԲ արձանագրությունում խոսվում է բրնձի գների աճի մասին, իսկ FAO-ի զեկույցում` դրանց կայունության մասին:

Ստորեւ ներկայացնենք FAO-ի գների ինդեքսը հոկտեմբերին` ըստ այդ կազմակերպության պաշտոնական կայքէջի հրապարակման: 2012 թ. հոկտեմբերին FAO-ի ինդեքսը կազմել է 213` նախորդ ամսվա նկատմամբ նվազելով 2 կետով (0.93%): Սա նշանակում է, որ պարենային ապրանքների գները հոկտեմբերին, ընդհանուր առմամբ, աշխարհում նվազել են:

Հացահատիկի ենթաինդեքսը կազմել է 259 եւ նվազել է 3 կետով: Ցորենի ու եգիպտացորենի գները հոկտեմբերին նվազել են, իսկ բրնձինը մմնացել է կայուն:

Ձեթի ու յուղի ենթաինդեքսը կազմել է 206` նվազումը 18 կետով (վերջին երկու տարում սա այս ապրանքախմբի նվազագույն ինդեքսն է): Սրանում մեծ դեր է խաղացել արմավենու յուղի արտադրության կտրուկ աճը Հարավ Արեւելյան Ասիայում:

Մսի ենթաինդեքսը կազմել է 174` սեպտեմբերի համեմատ փոփոխություն չկա:

Կաթնամթերքի ենթաինդեքսը կազմել է 194` աճելով սեպտեմբերի համեմատ 6 կետով: Ընդ որում` թանկացել են կաթնամթերքի բոլոր տեսակները: Սակայն 2011 թ. համեմատ` կաթնամթերքը դեռեւս ավելի էժան է:

Շաքարի գների ինդեքսը կազմել է 288` բարձրանալով 4.5 կետով: Սակայն, ըստ FAO-ի գնահատականի, սա կարճաժամկետ փոփոխություն է, պայմանավորված Բրազիլիայից մատակարարումների խափանմամբ: Իսկ ավելի երկարաժամկետ կտրվածքով կանխատեսվում է շաքարի առաջարկի աճ:

Սամվել Ավագյան