Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանին որեւէ մեկ չի ստիպել աշխատանքից ազատման դիմում գրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկ Դարբինյանը:Ավելին` նա նշեց, որ մոտ մեկ շաբաթ է աշխատանքից ազատման դիմում էր գրել, սակայն որոշումը ուշանում էր, թեեւ ինքը հույս ուներ, որ անպայման կլինի որոշումը:

«Ես վաղուց էի ուզում, որովհետեւ տարիքի խնդիր է, հանգստի խնդիր է, արդեն 8 տարի է թոշակային տարիքից անցել եմ, արդեն հոգնել եմ, դիմումը շուտ եմ տվել, բայց մինչեւ հիմա չկա որոշում»,- նշեց նա:

Հայկ Դարբինյանը նշեց, որ արդեն 3 տարի է` ցանկանում էր աշխատանքից ազատվել, բայց չէին թողնում, իսկ այժմ, երբ նախարարը իր կուսակցականն է, ավելի հեշտ ստացվեց:  Իհարկե, փորձել են համոզել նրան, սակայն նա շեշտեց, որ հանգստի կարիք ունի:

Նախարարի նախկին տեղակալը նշեց, որ որեւէ խնդիր չկա ոչ նախարարությունում, ոչ Կառավարությունում, եւ եթե հետագայում պետք է լինի, ապա ամեն ինչով կօգնի նրանց:

Հայկ Դարբինյանն ասաց, որ այժմ հանգստանում է ամառանոցուոմ:  Մեկ-երկու շաբաթ կհանգստանա, այնուհետեւ աշխատանքի կանցնի, առաջարկներ կան պետական սեկտորից, մասնավորից եւս կլինեն: «Հաստատ անգործ չեմ մնա, բայց շատ թեթեւ ինչ-որ մի բան, այնքան որ կարողանամ հանգիստս վայելել»,- ասցա նա: Իսկ թե ում է տեսնում իր պաշտոնին, Հայկ Դարբինյանն ասաց, որ լիքը երիտասարդ կադրեր կան` իր երեխաների տարիքին, կարող են նրանք իրեն փոխարինել:

Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հունիսի 7-ի որոշմամբ` Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանն ազատվել է աշխատանքից` իր դիմումի համաձայն: Հայկ Դարբինյանը ծնվել է 1942թ., Վրաստանում: Նա նախարարի տեղակալ էր նշանակվել 2001-ից, իսկ 2002-ից` նախարարի առաջին տեղակալն էր: