Թունիսի դատարանը FEMEN-ի եվրոպացի երեք ակտիվիստուհիների դատապարտել է 4-ամսյա եւ 1-օրյա ազատազրկման: Աղջիկները մեղավոր են ճանաչվել անպարկեշտ վարքի եւ հանրային բարոյական արժեքները ոտնահարելու համար:
23-ամյա ֆրանսուհի Պոլին Հիլլերը, նրա 27-ամյա հայրենակցուհի Մարգարիտ Շտերնը եւ Գերմանիայի 19-ամյա քաղաքացի Ժոզեֆինա Մարկմանը ձերբակալվել են մայիսի 29-ին Թունիսի մայրաքաղաքում` FEMEN-ի եւս մեկ ներկայացուցչի` Ամինա Թայլերին, աջակցելու ակցիայի շրջանակներում: Մինչեւ գոտկատեղը մերկացած աղջիկները բղավում էին «Ազատություն Ամինային»:
Թունիսում ակցիայից հետո ձերբակալել են FEMEN-ի երեք մասնակիցների
«Կուրծքը ցույց տալով` մեր քաղաքական ակտիվությունն ենք արտահայտում այդ կերպ»,-դատարանի առջեւ հայտարարել է դատապարտյալներից Մարգարիտ Շտերնը, փոխանցում է Le Parisien-ը:
Ամինա Թայլերին ձերբակալել են Քայրուան քաղաքում` արմատական իսլամիստական «Անսար աշ-Շարիա» շարժման կոնգրեսի առջեւ: Նա պայթուցիկ նյութ պահելու համար 182 դոլարով է տուգանվել: Բացի այդ, աղջիկը «FEMEN» բառը գրել է քաղաքային գերեզմանատան պատին: Նա մեղադրվում է գերեզմանների պղծման եւ հասարակական կարգը խախտելու մեջ եւ սպասում է իր դատավճռին:




























