News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 21
Տեսնել լրահոսը

Հունիսի 18-ին Կորեայի Հանրապետությունում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի կոմիտեի նիստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի որոշմամբ եւ Միջազգային խորհրդատվական կոմիտեի եզրակացության հիման վրա ծրագրի Միջազգային ռեգիստրում (Memory of the World International Register) գրանցվել է «Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները եւ կինոերաժշտությունը»:

Հայկական հայտը համալրել է աշխարհի բոլոր մայրցամաքներից ներկայացված քարից մինչեւ ձայնային կրիչների վրա պահպանվող 299 փաստաթուղթ  պարունակող ցանկը: Այսուհետ, Արամ Խաչատրյանի անունը կդասվի այս ցանկում արդեն իրենց տեղը գտած աշխարհահռչակ այնպիսի կոմպոզիտորների հետ, ինչպիսիք են  Բեթհովենը, Բրամսը եւ Շոպենը:

Այս տարի Ռեգիստրում գրանցված անվանացանկը ներառում է Վրաստանի եւ Մեծ Բրիտանիայի կողմից համատեղ ներկայացված «Վագրենավորը» պոեմի ձեռագիրը, Գերմանիայի կողմից ներկայացված Կարլ Մարքսի ինքնագրով «Կապիտալ» աշխատության ձեռագիրը, 15-18 դարերում Լեհաստանի թագավորության եւ Օսմանյան Կայսրության միջեւ կնքված խաղաղության պայմանագրերը,  Իսպանիայի կողմից ներկայացված «The Decreta of León of 1188 » վերտառությամբ Եվրոպական խորհրդարանական համակարգի վերաբերյալ ամենահին փաստաթուղթը, 1497-1499 թթ. Վասկո դա Գամայի Հնդկաստան կատարած ճամփորդության վերաբերյալ ձեռագիրը:

«Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները եւ կինոերաժշտությունը» հայտը պատրաստվել է  ՀՀ ԱԳՆ կողմից` Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի եւ կոմպոզիտորի որդի Կարեն Խաչատրյանի օժանդակությամբ: Հայտը  ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան էր ներկայացվել 2010թ. եւ մինչեւ 2012թ. համալրվել էր հավելյալ նոտաների ձեռագրերով:

Այսպիսով, «Աշխարհի հիշողություն» ծրագրում իր տեղը գտավ հայկական երրորդ փաստագրական ժառանգությունը. 1997 թվականից Հայաստանը ներկայացված էր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանով, իսկ 2011թ.-ից` «Բենիամին Մարգարյանի գալակտիկաների մասին ուսումնասիրությամբ»:

Նշենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագիրը մեկնարկել է 1992 թվականին` աշխարհում գոյություն ունեցող արխիվների եւ գրադարանների արժեքավոր հավաքածուների անհետ կորուստը կանխելու նպատակով: Այս ծրագրի շրջանակներում գոյություն ունի «Աշխարհի հիշողության» ՅՈՒՆԵՍԿՕ-իմիջազգային ռեգիստր: Այդ Ռեգիստրն իրենից ներկայացնում է փաստագրական ժառանգության ցուցակ, որի մեջ ընդգրկված են այն փաստաթղթերը, ձեռագրերը, տեսա-հնչյունային նյութերն ու գրադարանային հավաքածուները եւ արխիվները, որոնք ճանաչվել են որպես բացառիկ նշանակություն ունեցող արժեքների մարմնավորում եւ պետք է վկայագրվեն ու պահպանվեն ամբողջ աշխարհի մարդկության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Partner news