«Միասնական Ջավախք» հասարակական շարժան ղեկավար Վահագն Չախալյանը եղբոր՝ Արմեն Չախալյանի ձերբակալության փաստի առթիվ հանդես է եկել հայտարարությամբ:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«2013թ. հունիսի 28-ին Նինոծմինդայի շրջանի Գոնդուրա գյուղում տեղի ունեցած միջադեպի ժամանակ հատուկ ջոկատայինների կողմից ձերբակալվել է իմ եղբայր՝ Արմեն Չախալյանը:
Օրենքի առջեւ հավասար են բոլորը: Սակայն եղբորս ձերբակալության հանգամանքները ինձ հիմքեր են տալիս պնդելու, որ տեղի ունեցածը ակնհայտ քաղաքական դրդապատճառներով իրականացված սադրիչ գործողություն է, որի հեղինակներն են տեղական ուժային կառույցներում դեռեւս որոշ չափով իրենց ազդեցությունը պահպանած Սաակաշվիլու-Մերաբիշվիլու ռեժիմի նախկին կամակատարները:
Հիմքեր ունեմ պնդելու, որ այս սադրիչ քայլով վերոնշյալ շրջանակները փորձում են արհեստականորեն լարել մթնոլորտը հայ բնակչության եւ կենտրոնական իշխանությունների միջեւ, երկկողմանի անվստահության պայմաններում վերականգնել իշխանափոխությունից հետո իրենց խարխլված դիրքերը:
Գտնում եմ, որ տեղի ունեցածը մեծ չափով հետեւանք է նրան, որ մեր երկրի ներկայիս իշխանությունները մինչ այժմ չեն դրսեւորել անհրաժեշտ վճռականություն եւ քաղաքական կամք՝ Ջավախքի հայ բնակչության նկատմամբ նախորդ ռեժիմի հանցագործ քաղաքականության դատապարտման, արդարության վերականգնման, հայաբնակ շրջաններում օրենքի գերակայության եւ ժողովրդավարական արժեքների հաստատման սկզբունքային գործում:
Ուզում եմ հավատալ, որ իմ եղբոր ձերբակալման գործողությունը ծրագրավորած եւ իրականացրած ուժերը սխալ կգնտնվեն իրենց հաշվարկներում, նրանց սադրանքը կձախողվի:
Մեկ անգամ եւս վերահաստատում եմ, որ գործել, գործում եւ գործելու եմ բացառապես օրինականության սահմաններում: Հայտարարում եմ, որ անկախ ամեն ինչից շարունակելու եմ տարածաշրջանում լիարժեք ժողովրդավարության հաստատման, ջավախքահայության քաղաքացիական, լեզվական, կրթական, կրոնական եւ մշակութային իրավունքների պաշտպանությանն ուղղված իմ քաղաքական գործունեությունը»:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ հունիսի 28-ի երեկոյան հայ երիտասարդների միջեւ կենցաղային հողի վրա կռիվ է ծագել. հարաբերություններ են պարզել 150-160 հայեր, այդ թվում՝ անչափահասներ։
«Տղաները զանգահարել են Արմեն Չախալյանին, որը հեղինակություն է վայելում Նինոծմինդայի եւ Ախալքալաքի հայ երիտասարդների շրջանում, եւ խնդրել, որպեսզի գա եւ հաշտեցնի վիճողներին։ Արմեն Չախալյանն այդ ժամանակ ընկերների հետ նրանցից մեկի տարեդարձն է տոնելիս եղել։ Երբ նա ժամանել է, ոչինչ չի կարողացել անել, քանի որ արդեն դեպքի վայր էին հասել Նինոծմինդայի եւ Ախալքալաքի ոստիկանության եւ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները։
Չախալյանը 30 ընկերների հետ միասին ձերբակալվել եւ տեղափոխվել է Ախալցխա»,- նշել է Ստեփանյանը՝ հավելելով, որ Չախալյանի փաստաբանը մեկնել է Ախալցխա։»,- նշել էր «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման ղեկավար Առնոլդ Ստեփանյանը։




























