Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի համալսարանին հարակից Ան-Նահդա հրապարակում, այսօր՝ հուլիսի 4-ին, բախումներ են սկսվել իշխանությունից հեռացված նախագահ Մուրսիի կողմնակիցների եւ զինվորականների ու ոստիկանների միջեւ:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մի քանի ցուցարարներ բարձրացել են զրահատեխնիկայի վրա եւ բանակի դեմ ուղղված կարգախոսներ հնչեցրել: Զինվորականները՝ ցուցարարներին ցրելու համար օդ են կրակել:
Իր հերթին, ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են մի տղամարդու, ում ձեռքին ինքնաշեն պայթուցիկ սարք է եղել:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», մի քանի հազար իսլամիստներ Ան-Նահդա հրապարակում ամբիոն են տեղադրել, որտեղից պարբերաբեր ելույթներ են ունենում իրենց առաջնորդները: Նրանք փակել են հրապարակի բոլոր մուտքերը: Եգիպտոսի բանակն ու ոստիկանությունը շրջափակել է հրապարակն ու թույլ չի տալիս ցուցարարներին մտնել այնտեղ:





























