Սյունիքի մարզպետի պաշտոնում կնշանակվի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։ Այսօր՝ հուլիսի 4-ին, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նախագահ Սարգսյանի առաջարկով Սյունիքի մարզպետի պաշտոնում առաջարկում է նշանակել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, որը ընդունվել է միաձայն։ «Լավ ընկեր, լավ երիտասարդ ուժ։ Վահե Հակոբյանը շատ արդյունավետ կաշխատի այդ պատասխանատու պաշտոնին, նա ունի պատգամավորական աշխատանքի լուրջ փորձ, տնտեսական գիտությունների թեկնածու է, վայելում է սյունեցիների հարգանքն ու սերը»,- հայտնեց ՀՀԿ խոսնակը
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցնելու է Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավար Մաքսիմ Հակոբյանի որդին` Վահե Հակոբյանը
Նշենք, որ Վահե Հակոբյանը տարիներ շարունակ պատգամավոր է ընտրվել թիվ 38 ընտրատարածքից: Ստացվում է, որ նրա մարզպետ նշանակվելուց հետո այդ ընտրատարածքում կկայանան նոր խորհրդարանական ընտրություններ:
Հիշեցնենք, որ Սուրեն Խաչատրյանը իր տանը տեղի ունեցած հայտնի դեպքից հետո հայտարարել էր, թե ժամանակավորապես վայր է դնում մարզպետի իր լիազորությունները` մինչեւ նախաքննության ավարտը, թեեւ օրենքով նման բան նախատեսված չէ: Հունիսի 6-ին Կառավարությունն ընդունեց Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը: Պաշտոնակատար է նշանակվել նախկին մարզպետի տեղակալ Արա Դոլունցը: Մարզպետի հավանական թեկնածուների բազմաթիվ անուններ էին շրջանառվում` Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյան, Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյան, ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյան եւ այլն։





























