Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը հուլիսի 8-ին հայտնել է երկրում խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացման մոտավոր ժամկետները: Դրանք կկայանան 2014թ. սկզբին:

Ըստ Մանսուրի ստորագրած Սահմանադրական հռչակագրի` առաջինը կկայանան խորհրդարանական ընտրությունները, որոնք կնշանակվեն գործող սահմանադրության փոփոխությունները հանրաքվեով հաստատվելուց հետո, գրում է «Ալ Ահրամը»: Փոփոխությունների մշակումը հանձնարարվելու է  երկու հատուկ հանձնաժողովների: Ակնկալվում է, որ հանրաքվեն կանցկացվի հռչակագիրը ստորագրելուց չորս ամիս անց: 

Ըստ AP-ի` խորհրդարանական ընտրությունները պետք է կայանան Սահմանադրության փոփոխությունների հաստատումից երկու ամիս անց` այսինքն 2014թ. հունվարին կամ փետրվարի կեսին: Նախագահական ընտրությունները սպասվում են խորհրդարանականից մեկ շաբաթ անց, գրում է lenta.ru-ն:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Եգիպտոսի բանակը  պաշտոնանկ էր արել եւ ձերբակալել նախագահ Մուհամեդ Մուրսիին: Սահմանադրության գործունեությունը դադարեցվել էր, իսկ երկրի ժամանակավոր նախագահ էր դարձել Սահմանադրական դատարանի նախագահ Ադլի Մանսուրը: