Ուղեւորափոխադրումների սակագնի բարձրացումն անխուսափելի է, սակայն այնպես պետք է անել, որ ժողովուրդը չտուժի: Այդ մասին այսօր՝ հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը;

Նրա խոսքով՝ սակագները կբարձրանան տարբեր չափերով, քանի որ երթուղիների սպասարկման գոտիները տարբեր են, կլինեն երթուղիներ, որ ընդհանրապես չեն թանկանա: Այս պահին թանկացումներ չկան, իսկ թե երբ կլինեն՝ նախարարը հստակ չպատասխանեց: «Թանկացում չի լինի, եթե մեզ դիմող չլինի: Որպեսզի գինը փոխվի՝ սեփականատերը պետք է մեզ դիմի՝ բայց հիմնավոր փաստարկներով»,- ասաց Գ. Բեգլարյանը:

Լրագրողների այն դիտարկմանը, թե Երեւան-Գառնի երթուղու ուղեւորափոխադրման գինը արդեն մի քանի օր է՝ թանկացել է, նախարարը պատասխանեց, որ դրա համար կտուգանեն երթուղու սեփականատիրոջը: «Նախարարությունը ոչ մի ահազանգ չի ստացել, որ թանկացրել է որեւէ ընկերություն: Հիմա կգնամ նախարարություն եւ ինքս կզգուշացնեմ»,-ասաց նա: